Բոլորս էլ գիտենք, որ մեր «բիլետներում» այդպես էլ չգրվեց, որ մենք քառօրյա պատերազմի մասնակիցներ ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Կապանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամների հետ ընտրողների հանդիպման ժամանակ հայտարարել է ապրիլյան պատերազմի մասնակից կապանցի Մանվել Մանուկյանը՝ հավելելով, որ ոչ մի պետական աջակցություն չկա:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սակայն, չարձագանքեց կապանցուն: Վերջինս մոտեցավ NEWS.am –ի լրագրողին  եւ խնդրեց իր խնդրի մասին նյութ պատրաստել:

Կապանից առաջ Դաշինքի թեկնածուները եղել էին Ագարակում, Մեղրիում, շրջել բնակավայրերով՝ քարոզելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գաղափարախոսությունը: Մեղրիի մշակույթի պալատում պետք է կայանար մեղրեցիների հետ հանդիպումը, սակայն դահլիճի դռներն այդպես էլ փակ մնացին: Մեղրեցիների հետ Դաշինքի անդամները հանդիպեցին «ոտքի վրա»՝ քաղաքում:

Կապանցիների հետ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածուները հանդիպեցին քաղաքի հրապարակում: Մինչ նրանց ժամանելը, հրապարակի նստարաններն արդեն զբաղեցված էին:

«Օսկանյան-Ռաֆֆի-Օհանյան» դաշինքին Կապանի հրապարակում դիմավորեցին աղ ու հացով: Մինչ Սեյրան Օհանյանը համտեսում էր աղուհացը, կապանցիներից մեկը նրան տեսնելով բացականչեց՝  «բա կոալիցիան չի եկե՞լ… իսկ ով է եկել… Օսկանյա՞նն է…»: Մի քանի կապանցիներ էլ իրենց խնդիրները բարձրաձայնեցին ու նամակներ փոխանցեցին Սեյրան Օհանյանին: Նախկին նախարարն էլ խոստացավ օգնել եւ լրատվամիջոցների միջոցով բարձրացնել հարցերը:

 Օհանյանն ու Օսկանյանը շրջեցին հրապարակով՝ ձեռքով բարեւելով հավաքված ծերերին. «Եկել ենք մեր գաղափարները ներկայացնենք, միասին որոշենք մեր ապագան»:

NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում կապանցիներից մեկն ասաց, որ չնայած հրապարակում է, բայց չի հավատում ոչ մի կուսակցության ու դաշինքի. «Ինչի՞ն հավատամ, ոչ մի լավ բան չի լինելու: Ընտրություններին չեմ մասնակցելու, իմաստ չունի, որովհետեւ վստահ չեմ, որ իմ քվեն չի փոխվելու: Թոշակառու եմ, սվարչիկ եմ, թոշակիս հաշվին եմ ապրում: Երեխաներս ու թոռներս Հայաստանից դուրս են, որովհետեւ այստեղ ապրել ու գոյատեւել հնարավոր չէ»,- ասաց կապանցի պապիկը:

Մեկ այլ կապանցի հայտնեց, որ Հայաստանում չի աշխատում, մեկնում է «սեզոնային» աշխատանքի, վերադառնում. «Այստեղ աշխատանք չկա: Գործազրկությունը գնալով խորանում է: Ես գնում եմ, դրսում աշխատում, գալիս եմ: Մեծ մասն ինձ պես են անում: Ես մասնակցելում եմ ընտրություններին, ինձ որոշակի հավատ ներշնչեց մեր վարչապետը»:

Կապանի բնակչուհիներից մեկն էլ դժգոհեց գործող իշխանություններից. «Ես ինչպես կարող եմ հավատալ գործող իշխանություններին, երբ մտնում եմ մեր քաղաքապետարան, ինձ ձեռք են առնում, վրաս ծիծաղում են: Երկու տղաներս մահացել են, նրանցից մեկը մասնակցել է Ղարաբաղի պատերազմին, հետ եկավ պատերազմից ու մահացավ: Ես մնացել եմ միայնակ ու զուտ թոշակիս հույսին: Ում դիմում եմ՝ մերժում են, ում խնդրում են, ծիծաղում են: Բայց միայն թոշակով ապրել հնարավո՞ր է… եթե շաքարն արժե 540 դրամ, իսկ ես թեյը շաքարով եմ խմում: Չեմ հավատում ոչ մեկին, ընտրելու եմ «Ծառուկյան» Դաշինքին»,- ասաց տատիկը:

Ի դեպ, կապանցիները աղավնիներ էին բերել հրապարակ, որպեսզի Սեյրան Օհանյանը թռցներ, բայց դաշինքի անդամներից ոչ մեկ չթռցրեց, կապանցին էլ ստիպված ինք թռցրեց: