Ընտրությունները նման են լակմուսի թղթի. բացահայտում են կուտակված չարությունը, հանում ամբողջ կուտակված կեղտը: Այս մասին այսօր` մարտի 15-ին, Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը` անդրադառնալով մարտի 14-ին Ջրառատում տեղի ունեցած միջադեպին:

Նրա խոսքով` հասարակությունը չափազանց էլեկտրականացված է, եւ ընտրությունները պարզապես վեր են հանում մարդկանց մեջ եղած չարության կուտակումները:

«Եվ Ջրառատում, եւ Սեւանում, եւ նախորդ դեպքերը խոսում են մի բանի մասին, թե որքան էլեկտրականացված է մեր հասարակությունը, որքան ագրեսիա կա մեր հասարակությունում, եւ ընտրությունները վեր են հանում մարդկանց մեջ եղած թշնամությունը, թե քաղաքական գործչի, թե պարզապես մարդկանց նկատմամբ: Ընտրությունները լակմուսի թղթի են նման. բացահայտում են կուտակված չարությունը, հանում են ամբողջ կուտակված կեղտը»,- ասաց նա:

Անահիտ Բախշյանի կարծիքով` այս ամենի մեջ մեղավոր են միայն իշխանությունները, որոնց անիրավ եւ անօրեն գործողությունները մարդկանց մղում են ինքնակարգավորման, իսկ մարդիկ ուրիշ ճանապարհ չեն գտնում:

Նշենք, որ քայլերթի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը փողոցում մոտեցավ մի տարեց տղամարդու՝ նրան նախընտրական բուկլետը փոխանցելու համար, բայց տղամարդը նրան ասաց, որ «մեկ ա`դուք չեք ընտրվելու»:

Հարցին, թե ինչո՞ւ տարեց տղամարդը նման պատասխան տվեց, նա արձագանքեց. «Դուք հարուստ էլ եք, ազատ էլ եք, հլը կոստյումիդ նայի…25 տարի ա՝ ասում եք, ի՞նչ տեսանք»:

Ստյոպա Սաֆարյանն էլ պատասխանեց. «Մենք 40 տարեկան ենք, 25 տարի առաջ էլ դու ես մեր տարիքում եղել, էս պետությունը էսպես թողել»:

Վրդոհված բնակիչն էլ ասաց. «Չենք թողել, խլել եք»:

Հիշեցնենք, որ մարտի 14–ին տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ եւ դանակահարություն։ Հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ։ Ըստ «Օհանյան– Րաֆֆի– Օսկանյան» դաշինքի՝ վնասվածքներ ստացածները իրենց համակիրներ են, իսկ հակառակ կողմը ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն է եղել իր մտերիմների հետ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է։