Սեղանին նարինջ է դրված՝ մեծ եւ վառ: Ասես այսօր թաքնված արեգակի փոխարեն ներողություն խնդրի: Հայացքս նարինջին՝ մտածում եմ առաջիկա հարցազրույցի եւ այն մասին, որ Արեւշատյան ազգանունը կրող մարդը պետք է հզոր կենսաուժով օժտված լինի:

Կես ժամ անց մենք հանդիպեցինք «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Շիտակ հայացք, բարձր ճակատ, ազատ շարժուձեւ՝ նրա մեջ ամեն ինչ հզոր էներգետիկա է արտացոլում: Իսկ այտերի հստակ արտահայտված փոսիկները վկայում են դրական լիցքավորված մարդու մասին, որը ձգտում է լիարժեք կյանքով ապրել եւ ստեղծել հնարավոր իրողություններից լավագույնը:

- Բարի լույս,- ասում է նա, եւ մենք մոտակա շենքերից մեկի տանիքին գտնվող սրճարան ենք ուղղվում: 

Երիտասարդ ռեժիսոր Աննա Արեւշատյանը «Բարի լույս» ֆիլմի նկարահանումները նախաձեռնել է 2014 թվականին: Ըստ ժանրի՝ այն սոցիալական դրամա է: Նկարահանումները կատարվել են Հայաստանում, մասնավորապես՝ Հրազդանում եւ Լեռնային Ղարաբաղում: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Երեւանում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Այդ պահից ի վեր ֆիլմը ներկայացվել է մեծ թվով հեղինակավոր փառատոններում եւ միջազգային ճանաչում է ստացել ու արժանացել լրատվամիջոցների բարձր գնահատականին: Կանադայից, Լեհաստանից, Աֆրիկայից եւ Ինդոնեզիայից հետո ֆիլմը Չինաստան է մեկնել:

Մենք այնքան ենք վարժվել, որ հայկական ֆիլմերում ու սերիալներում նույն դերասաններն են խաղում, որ անսպասելի էր անծանոթ դեմքեր տեսնել: Գլխավոր դերերում ոչ պրոֆեսիոնալ դերասանների ընտրությունը նախապես մտածվա՞ծ, թե՞ ինքնաբուխ որոշում էր:

Սկզբում ես փնտրում էի պրոֆեսիոնալ դերասանների շարքում, բայց ապարդյուն: Ես գիտեի՝ ինչ եմ ուզում, դրա համար որոշեցի փնտրել սովորական մարդկանց մեջ, ովքեր դերասանի մասնագիտության հետ կապ չունեն: Զանգահարեցի ծանոթներիս, բոլորին ոտքի հանեցի...

Ի՞նչը չէր բավարարում:

Ինձ պետք էին իսկական դեմքեր՝ բնական, կենդանի: Դեմքեր, որոնք կարտահայտեին հայկական բնավորությունը, խարիզման, հմայքը: Իմ «արկածախնդրության» մեջ ամենակարեւորն անկեղծությունն էր: Ես ցանկանում էի նվազագույն խաղ, առավելագույն անկեղծություն: Կարեւոր էր, որ մարդիկ հավատան թե՛ տղային, թե՛ արդեն հասունացած հերոսին:

Պատմեք, ինչպե՞ս գտաք Արայիկ Դարբինյանին:

Ես նրան գտա երեւանյան դպրոցներից մեկում: Ավելի ճիշտ՝ նա ինձ գտավ, պարզապես ընդառաջ եկավ: Հենց տեսա նրան՝ հասկացա, որ հենց այդ տղան էլ լինելու է Արշակը:

Ինչպե՞ս էիք աշխատում երեխայի հետ: Ո՞րն էր հիմնական բարդությունը:

Նրա հետ միաժամանակ ե՛ւ դժվար, ե՛ւ հեշտ էր աշխատելը: Բարդ էր, քանի որ նա երեխա է եւ չէր կարող չորս ժամից ավելի աշխատել: Բայց մենք նրան լավ ծանրաբեռնել էինք, քանի որ ժամանակացույցն էր այդպիսին: Գործնականում 12 ժամ լինում էր տաղավարում: Չէր նկարահանվում, պարզապես այնտեղ էր, այսինքն՝ տեղյակ էր այն ամենին, ինչ կատարվում էր նկարահանման ժամանակ:

Մեծերի համար մի փոքր դժվար էր այն առումով, որ պետք էր սպասել՝ մինչեւ ուտի, հանգստանա, խաղա: Ժամանակ չկար, բայց դա եւս հնարավոր չէր անտեսել: Սակայն դա հարցի տեխնիկական կողմն է:

Մնացած հարցերում Արայիկի հետ հեշտ ու հաճելի էր աշխատելը: Նա շատ բնական էր: Նրան պետք չէր ինչ-որ բաներ հորինել, խոսել ուրիշ՝ բեմականացված ձայնով: Նա հենց ինքն էր, որ կար: Մենք նրան չէինք ստիպում ոչինչ սովորել: Պարզապես միասին որոշում էինք տեքստը. ես նրան բացատրում էի գաղափարը, իսկ նա ասում էր իր բառերով եւ իրեն հատուկ ոճով:

Իսկ ի՞նչ կասեք Արսեն Կարապետյանի մասին: Դուք ծանո՞թ էիք:

Ո՛չ, ես նրան գտա Արայիկից անմիջապես հետո: Երբ տեսա, հասկացա, որ նա համապատասխանում է թե՛ բնավորությամբ, թե՛ արտահայտիչ արտաքինով: Shur-ը (Արսեն Կարապետյանը - խմբ.) ինտելեկտուալ է: Այդպիսի արտաքինով եւ պահվածով մարդը չի կարող ուրիշ լինել: Արտաքինը ներքինի արտացոլանքն է: Իհարկե, լինում են առանձին դեպքեր, բայց դրանք ավելի շուտ բացառություններ են: Սովորաբար միանգամից պարզ է, թե ում հետ գործ ունես:

Հեշտությամբ համաձայնե՞ց:

Որքան էլ տարօրինակ էր՝ այո: Անկեղծ ասած՝ ես մերժում էի սպասում, ուստի մենք գնացինք մեծ խմբով նրան համոզելու, բայց, ի զարմանս ինձ, հաճույքով համաձայնեց: Shur-ն արկածախնդիր է՝ այդ բառի ամենադրական իմաստով:

Ինչո՞ւ որոշեցիք պատմել հենց այդ թեմայի մասին՝ շոշափելով հայրենիքի ու միգրացիայի թեման: Չէ՞ որ կան ավելի պոպուլյար, հնարավոր է՝ «կատարման առումով» ավելի հեշտ թեմաներ:

Երբ որոշեցի նկարահանել այս ֆիլմը, դեռ Մոսկվայում էի: Ինձ մոտ բարդ շրջան էր: Ես շատ էի կարոտում, հաճախ էի գալիս Երեւան, քանի որ պարզապես ֆիզիկապես երկար չէի կարողանում մնալ Մոսկվայում: Դուք իրավացի եք, կարող էի ավելի հեշտ ճանապարհով գնալ՝ ընտրելով թեմա, որն ավելի հասկանալի ու ընկալելի կլիներ երիտասարդության կողմից: Բայց այս ֆիլմն ինձ համար շատ թանկ է, քանի որ այն իմ մանկության մասին է: Ու ոչ միայն իմ, այլ մի ամբողջ սերնդի: Ի դեպ՝ սցենարի հեղինակը Սեւադա Գրիգորյանն է: Դա նրա ընտանիքի պատմությունն է: Արշակը հենց նա է:

Բայց սցենարը բավական շատ է փոփոխվել: Կերպարները, իհարկե, մնացել են, բայց պատմությունն ընդհանուր առմամբ ձեւափոխվել է, այլ երանգ է ստացել, արվել են այլ շեշտադրումներ:

Ֆիլմում թեթեւ եւ չպարտադրող ձեւով բարձրացվում է բնակության վայրի որոշման հարցը: Ձեր առջեւ երբեւէ այդ հարցը կանգնե՞լ է՝ որտեղ ապրել:

Յուրաքանչյուր մարդ պետք է իր տեղում լինի: Միայն քո տեղում լինելով է հնարավոր ինչ-որ իրական ու լավ բան անել: Իսկ քո տեղն այնտեղ է, որտեղ դու լավ ես զգում, որտեղ ներդաշնակ ես: Այսպիսով՝ ես ուզում եմ ապրել այստեղ: Սա իմ երկիրն է՝ իր բոլոր թերություներով հանդերձ: Ես Հայաստանից դուրս պարզապես շնչահեղձ եմ լինում:

Երբ դեռ ուսանող էի, ինձ համար դժվար էր այստեղ գտնվելը, քանի որ այնպիսի մարդիկ, ինչպիսին ես եմ, այստեղ չեն կարողանում ապրել: Մեր երկիրը բավական նահապետական է, կարծրացած ավանդույթներով, եւ այդպիսի մթնոլորտում դժվար է տարբեր լինել, պնդել սեփական դիրորոշումներն ու հայացքները: Այդպիսիններին միշտ խարանում էին եւ, հավանաբար, դեռ կխարանեն: Կարծես դա անխուսափելի է:

Բայց ժամանակի հետ ես հաշտվեցի եւ սովորեցի փիլիսոփայորեն վերաբերվել այդ ամենին: Բայց որպեսզի դրան հասնես, պետք է ապրես, սովորես, պայքարես, լաց լինես քո լեզվով ուրիշների մեջ: Ու ինչ-որ պահի կգիտակցես. ահա սա եմ ես, սա է իմ տեղը, սա է իմ հողը: Եվ դա հաճույք է:

Ձեր կարծիքով, որքանո՞վ է ավանդական Հայաստանը հետաքրքիր ստեղծագործող մարդուն, որին հատուկ է հայացքների անկախությունը, ոչ ստանդարտ մտածողությունը, շրջանակից դուրս գալու ձգտումը: Որքանո՞վ է այստեղ հաճելի աշխատել:

Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց դժվար է անհատ լինել մի հասարակությունում, որտեղ չկան շրջանակներ: Ամենաթողությունը բերում է անտարբերության: Ոչ ոքի ոչնչով չես զարմացնի, ամեն ինչ դառնում է սովորական եւ ձանձրալի: Ստացվում է այնպես, որ առանձնապես ձգտելու բան էլ չկա: Դառնում ես առանց զգացմունքների ինչ-որ էակ: Սա ամենասարսափելին է, որ կարող է լինել սեղծագործող մարդու հետ:

Հայաստանը լավ է նրանով, որ այստեղ կան կոնտրաստներ:Սրա վրա կարելի է խաղալ եւ շատ հետաքրքիր բաներ ստեղծել: Դու կարող ես ստեղծագործել՝ պահպանելով քեզ, քո ինքնության, քո հոգեվիճակի եւ կայացման համար կարեւոր բաներ: Եվ այն բանից հետո, երբ դու ինքդ քո մեջ կայացել ես, դուրս ես գալիս մեծ աշխարհ, եւ այնտեղ արդեն ավելի հեշտ է լինելու:

Կարելի է՞ ֆիլմը յուրովի «կոչ» դիտարկել:

Որոշ իմաստով՝ այո: Ես ցանկացել եմ ասել՝ «Եկեք միավորվենք, փախչելն իմաստ չունի»:

Ինչո՞ւ «Բարի լույս»: Եղե՞լ են այլ տարբերակներ:

Սեւադայի սցենարի համաձայն՝ ֆիլմը կոչվում էր «Վերադարձ»: Բայց այն ինձ չէր համապատասխանում: Իսկ «Բարի լույս» առաջարկեց իմ օպերատոր Պավել Դիլուսը: Նա լեհ է, եկել է Լեհաստանից: Մենք, իհարկե, սկսեցինք նրան հայերեն սովորեցնել՝ «բարեւ», «ոնց ես», «ինչ կա չկա»...

Իսկ նկարահանման տաղավարում լուսավորողները հայեր են: Ու մի անգամ ողջունելիս ես ասացի՝  «բարի լույս», նա հարցրեց՝ դա ի՞նչ է նշանակում, ես բառացի թարգմանեցի: Դա նրան այնքան դուր եկավ, որ տեխնիկական կազմի հետ շփվելիս «լույսը վառիր»-ի փոխարեն «բարի լույս» էր ասում, եւ միայն «բարի լույս» էր հնչում տաղավարում:

Հետո ես մտածեցի, որ «բարի լույս»-ին ի պատասխան՝ մենք ասում ենք «լույս բարի», ենթադրելով, որ օրը բարի է լինելու՝ անկախ ամեն ինչից: Եվ հենց դա շատ էր համապատասխանում ֆիլմի իմաստին:

Ի՞նչ ծրագրեր ունեք հիմա:

Ես ինձ սպառեցի այս թեմայի մեջ եւ հիմա ուրիշ բան եմ փնտրում, բայց նորից կապված Հայաստանի եւ սոցիալական խնդիրների հետ:

Ձեր շրջապատում ինչ-որ բան խորհուրդ տալի՞ս են:

Ինձ մշտապես առաջարկում են ֆիլմ նկարահանել քառօրյա պատերազմի մասին:

Ե՞վ...

Ո՛չ, չեմ ուզում:

Ինչո՞ւ:

Ներքին մղում չեմ զգում: Բացի այդ՝ դա միանշանակ թեմա չէ:

Բազմաթիվ մարդիկ բողոքում են, որ հայրենական արտադրության լավ ֆիլմեր չկան: Ռեժիսորներն էլ պատասխանում են՝ գումար չկա: Ի՞նչ կասեք:

Բանն այն է, որ երբ ռեժիսորը կինո է նկարում, նա առաջին հերթին պետք է մտածի, թե ինչի մասին պետք է այն լինի, այլ ոչ թե այն մասին, թե որքան գումար ունի: Կարելի է հանճարեղ ֆիլմ նկարել՝ ունենալով լավ թիմ եւ նվազագույն միջոցներ: Խնդիրն ավելի շուտ նրանում է, որ բազմաթիվ ռեժիսորներ ոչինչ չեն նկարահանում ոչ թե այն պատճառով, որ գումար չկա, այլ պարզապես ասելիք չունեն:

Դուք փոքր երեխա ունեք: Ինչպե՞ս եք համատեղում նրա դաստիարակությունն աշխատանքի հետ: Այդ առումով ռեժիսորի մասնագիտությունը որքանո՞վ հարմար է:

Կնոջ համար հարմար մասնագիտություն չկա: Ֆիլմը նկարահանելիս ես հղի էի: Եթե կին եք, հարսնացու եք լինելու, կին, մայր, եւ բազմաթիվ պահանջներ են ունենալու ձեզանից: Միլիոնավոր: Ամեն օր: Բայց ես ազատ մարդ եմ: Առանց այդ հատկության մեր մասնագիտության անհնար է կայանալ: