Դեռ չեմ հասցրել դիմել իմ գործընկերներին, բայց արդեն ինձ ասել են, որ եթե հաղթենք ապրիլի 2-ի ընտրություններում, գալու են Հայաստան եւ 15 մլրդ դոլարի ներդրում են անելու մեր երկրում: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հավաքի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ես ուղղակի փշաքաղվել եմ: Ես չեմ դիմել իմ գործընկերներին, բայց տեսնելով այս աջակցությունը, հավատը, որ հաղթելու ենք, ասել են, որ գալու են եւ 15 մլրդ դոլարի ներդրում են անելու: Աստծո կամոք, որ եկավ հաղթանակի ժամանակը, իրենց ինքնաթիռներով կգան, կներկայանան, որովհետեւ գիտեն՝ մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է, աշխատասեր, հյուրասեր, էդ բոլորի ներկայացուցիչը պարոն Ծառուկյանն է՝ իր պահվածքով: Իմ երկրի պատիվը, իմ ժողովրդի պատիվն աշխարհով մեկ բարձր եմ պահել»,- հայտարարեց Ծառուկյանը:
Նա նաեւ նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում եղել են գրեթե բոլոր գյուղերում եւ քաղաքներում, ներկայացրել իրենց ծրագրի 15 կետերն ու ժողովրդի անվերապահ աջակցությունը ստացել: «Քարից էլ լինես՝ չես կարող դիմանալ՝ մտածելով, որ մարդիկ անդունդի եզրին են կանգնած, կապ չունի՝ սահմանամերձ գյուղում, թե՝ քաղաքում, բոլորը խնդիրներ ունեն, դրանց լուծում է պետք: Միասին պետք է լուծենք այդ խնդիրները, ես կետ առ կետ պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար»,- հայտարարեց Ծառուկյանը:
Նշելով, որ իրենք թշնամի չունեն, բայց նախանձողներ շատ ունեն, Ծառուկյանը կոչ արեց բոլորին ընտրություններին «ճիշտ մասնակցել, ընտրատեղամասերում հետեւել բոլոր ձայներին»։











