Եթե Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ վճիռ է կայացվում, դա դեռեւս չի նշանակում, որ արտառոց իրավիճակ է: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:
«Եթե դուք համադրեք ԵԽ բոլոր երկրների դեմ կայացվող որոշումները, կհասկանաք, որ մենք ԵԽ ամենանվազ գումար վճարած երկրներից ենք: Վճիռների թվով էլ ամենապակաս վճիռները ունենք: Բոլոր երկրների դեմ, այդ թվում հին ժողովրդավարություն ունեցողների դեմ անընդհատ, ամեն ամիս Եվրատադարանի կողմից վճիռներ են կայացվում»,-ասաց նա:
Կոստանյանի խոսքով, խնդիրն այն է, որ երկիրը պետք է միջոցներ ձեռնարկի նվազագույնի հասցնելու մարդու իրավունքների խախտման դեպքերը ներպետական մակարդակում, որպեսզի դա չդառնա միջազգային ատյանի քննարկման առարկա:
Դիտարկմանը, որ ՄԻԵԴ-ում «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով աննախադեպ որոշում է կայացվել, որտեղ հստակ գնահատական է տրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի Արման Մկրտումյանի կողմից հնչած արտահայտություններին եւ արդյոք դա չի ստվերում Հայաստանի հեղինակությունը, Գեւորգ Կոստանյանն արձագանքեց. «Ցանկացած վճիռ էլ ստվերում է: Իհարկե, բացարձակ անցանկալի է, որ որեւէ վճռի մեջ անվանական նշված դատավորի անունը, եւ երկրորդ, այդ անձը լիներ բարձրագույն դատական ատյաններից մեկի ներկայացուցիչը: Բայց սա բացառիկ երեւույթ չի միայն Հայաստանին վերագրվող»:
Նա նշեց, որ Արման Մկրտուկյանի կողմից պաշտոնը լքելու հետ կապված ամեն մարդ ինքը պետք է որոշում կայացնի: «Դատավորի պատասխանատվության ենթարկելու գործընթացը կոնկրետ վճռաբեկ դատարանի նախագահի կամ պալատի նախագահի, դա կարգապահական եւ էթիկայի հանձնաժողովի լիազորությունն է: Հետեւաբար երկրի նախագահն այս դեպքում եւս ֆորմալ տեսակետից լիազորություն չունի դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-ասաց նա:
Նշենք, որ 2016-ի հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական վճիռը է կայացրել: Խոսքը «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործի մասին է, որի դիմումատուները Երեւանի Բուզանդի փողոցի բնակիչներ են` Յուրի Վարդանյանը, Արտաշես Վարդանյանն ու Շուշանիկ Նանուշյանը: Նրանց «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքից չնչին փոխհատուցման դիմաց վտարել էին իրենց տներից: Մասնավորապես, տան իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել են միայն 54 մլն դրամը:











