Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծում է, որ իշխանությունը, կալանավորելով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին՝ կանխել է հետընտրական գործընթաց սկսելու եւ ողջ հանրապետությունը ՊՊԾ գնդի վերածելու «հոխորտանքները» իրականություն դարձնելու գործընթացը։ Այս մասին Սամվել Նիկոյանը հայտարարեց NEWS.am-ի հետ զրույցում։
«Սամվել Բաբայանը տարբեր առիթներով ասել է, որ ինքը չի զբաղվում կուսակցական, ընտրական, քարոզչական քաղաքական գործունեությամբ, ինչպես կարելի է մեկի հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնել, եթե նա չի զբաղվում քաղաքականությամբ, բացատրեք՝ ես հասկանամ։ Ասում են՝ ստվերային գործիչ է... մենք հրապարակային քաղաքական գործիչներ ենք եւ ստվերային քաղաքական գործունեությունը չենք հասկանում։ Եւ ամենակարեւորն այն է, որ այն հոխորտանքները, որ կար հետընտրական գործընթաց սկսելու եւ ողջ հանրապետությունը ՊՊԾ գնդի վերածելու, Սամվել Բաբայանը փորձում էր այն իրականություն դարձնել, ինչը լավ գիտեք»,–հայտարարեց իշխանության ներկայացուցիչը։
Հարցին՝ այսինքն՝ Սամվել Բաբայանը սպառնալի՞ք էր իշխանության համար, Նիկոյանը պատասխանեց. «Մեր պետության անվտանգությա՞ն համար։ Ինչի՞ համար կարող է բերվեր այդ զենք-զինամթերքը, դուք չե՞ք տրամաբանել»։
Անդրադառնալով Սամվել Բաբայանի պաշտպանի հայտարարությանը, որ նա չի ընդունում իրեն առաջադրվցած մեղադրանքը, հակադարձեց. «Փաստաբանը բա ի՞նչ պետք է ասի, կգա դատական պրոցեսը, ինքներդ կհամոզվեք»։
Իշխանական պատգամավորը պնդեց, որ հետընտրական խժդժությունների մասին Բաբայանն անձամբ է հայտարարել եւ որ այդպես կլիներ, կանխատեսումների անհրաժեշտություն չկար։











