ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ ընտրություններչում քվեարկել է հանուն խաղաղության (ֆոտոռեպորտաժ):

Թիվ 9/18 ընտրական տեղամասում քվեարկությունից հետո ՀՀ նախագահը հարցին, թե ինչ է մտածել քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս, պատասխանեց. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա: Ամեն ինչ անելու ենք, որ սահմաններին հանդարտություն լինի եւ սահմանները լինեն անձեռնմխելի»:

Անդրադառնալով ՀՀԿ-ի հաղթանակի շանսերի մասին հարցին, Սերժ Սարգսյանը նկատեց. «Այսօր շանսերը գնահատելու ժամանակը չէ, այսօր քվեներ ստանալու ժամանակն է»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի քվեարկության ժամանակ տեխնիկական խնդիր առաջացավ. էլեկտրոնային սարքը չէր ճանաչում նրա մատնահետքը: Ընտրական հանձնաժողովի անդամը ստիպված էր մի քանի տարբեր մատների մատնահետքերը փորձել, մինչեւ սարքը ճանաչեց այն: 

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ 

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։