«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, այսօր՝ ապրիլի 2–ին, 9/49 տեղամասում ԱԺ ընտրությունների քվեարկության էր եկել տիկնոջ հետ:
«Քվեարկեցի Հայաստանի վերածննդի համար, քվեարկեցի այս վիճակից մեր ժողովրդի դուրս գալու համար, քվեարկեցի, որ 21-րդ դարում մենք ունենանք ուժեղ, մրցունակ, կազմակերպված պետություն, բարեկեցիկ ժողովուրդ եւ վստահությամբ իր ապագային նայող ազգ ու հասարակություն», – ասաց նա լրագրողների հետ զրույցում։
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք մի քանի ահազանգ են ստացել սարքերի եւ տեսախցիկների վատ աշխատելու հետ կապված, սակայն դրանք փոքր եւ լուծվող խնդիրներ են։
Անդրադառնալով ընտրական նոր գործընթացին` նա նշեց, որ պրոցեսը բավական բարդ էր, բայց դրանք լավ նորամուծություններ են, որոնք «պետք է իրենց բարի պտուղը տան»։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։











