«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ ապրիլի 2-ին, պատարագ մատուցվեց քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պատարագին ներկա էին զոհված զինծառայողների հարազատները, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամները եւ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք երթով շարժվել էին դեպի «Եռաբլուր»:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապրիլի երկուսին ընտրություններ նշանակելը սխալ եւ այսօր ամբողջ հայ ժողովուրդը պետք է ոչ թե ընտրության գնար, այլ գար «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հարգելու:
«Ընտրություն եւ հատկապես այս տեսակի ընտրություն նշանակելը հայկական արժեքների ոտնահարում է: Այստեղ ամփոփված հերոսների հիշատակը հարգելու ամենալավ միջոցն այն հայրենիք ունենալն է, որի համար նրանք իրենց կյանքը տվեցին»,- ասել է նա:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նշել է, որ ապրիլյան պատերազմի չկրկնվելու համար պետք է լինել համախմբված եւ հավատալ մեր ուժերին:
«Պետք է զորացնենք մեր երկիրը, որ երաշխիքներ ունենանք նման ապրիլ չկրկնվելու համար»,- ասել է նա:
.jpg)












