«Ելք» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր՝ ապրիլի 2-ին, Վանաձորում քվեարկության է գնացել որդու հետ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենց նախընտրական շտաբն ահազանգեր է ստանում զանգվածային ընտրակաշառք վերաբերյալ:

«Բացի դրանից, դեպքեր ենք ունեցել, որ տեղամասերում չեն կնքվում կտրոնները, 1-ին քվեաթերթիկը չի դրվում առաջին տեղում: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկացնելու եմ: Վանաձորում երբեք փող բաժանելը չի աշխատել, փող բաժանողներն այս գիշեր գլխով հարվածելու են պատին, որովհետեւ իրենց բաժանած փողն արդյունք չի տվել»,- ասել է Մարուքյանը:

Մարուքյանը վստահ է, որ ընտրակաշառքը որեւէ ձեւ չի կարող ազդել ընտրությունների ելքի վրա, հատկապես Վանաձորում:

Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։