«Եռաբլուր» եկած 20-ամյա Արեգ Սարդարյանը  քառօրյա պատերազմի մասնակիցներից է, սիրով է հիշում զոհված ծառայակիցներին եւ ցավով նշում, որ այսօր նրանցից ոչ բոլորն են հիշվում: «Եռաբլուրում» հանգչող հերոսների նման նա էլ մեկ տարի առաջ այս օրը հանուն հայրենիքի հակառակորդի դեմ մարտնչողներից է եղել, գիտի առնվազն 100 զոհի մասին, բայց կարծում է՝ այսօր խոսվում է միայն 20-ի մասին: Այսօր եկել է հայրենիքի համար իրենց կյանքը տված ծառայակիցների հիշատակին մատուցվող պատարագին մասնակցելու եւ եւս մեկ անգամ բարձրաձայնելու, որ ապրիլյան պատերազմի օրերին զոհվել են ոչ թե մի քանի, այլ 100-ից ավելի հերոսներ, հայ ժողովուրդն ու իշխանությունները պարտավոր են նրանց բոլորի հիշատակն հավասարաչափ հարգելու (ֆոտոռեպորտաժ):

«Նրանց հերոսությունը գնահատվում է, միայն մեկ բանն է ցավալի, որ այսօր հիշվում են ոչ բոլորը: Մենք 100-ից ավելի զոհ ենք ունեցել ու մաքսիմում 20-ի մասին է խոսվում այսօր»,-ասում է նա:

«Եռաբլուր» եկածներից տիկին Նաիրան էլ ապրիլյան պատերազմի մասնակից Մերուժան Թորոյանի մայրն է, այսօր եկել է այստեղ զոհվածների հարազատներին զորակցելու եւ հերոսների հիշատակն հարգելու: Մեկ տարի առաջ այս օրը նա  միայն աղոթքով էր փորձում գոնե օգտակար լինել հակառակորդի դեմ կռիվ տվող իր 19-ամյա որդուն ու քառօրյա պատերազմի մյուս մասնակիցներին: Տիկին Նաիրան պատմում է՝  ապրիլի 2-ին իր որդու հետ չէր հաջողվել հեռախոսով խոսել, որի պատճառով սկսել էր էլ ավելի անհանգստանալ:

«Միայն մի քանի օր անց կարողացանք խոսել հետը, գիտեի, որ պատերազմ է, ինքն էլ ամենաթեժ կետերից մեկում, բայց ասում էր՝ մամ, մի անհանգստացի, այստեղ ամեն ինչ նորմալ է, պետք չի անհանգստանալ»,-պատմում է նա:

Տիկին Նաիրայի խոսքով, Մերուժանը մտերիմ է եղել քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի հետ, նույն վաշտում չեն ծառայել, բայց Ադամը շատ է օգնել նրան. «Ասում էր՝ մամ, ուզում եմ Ադամի հետ նույն վաշտում ծառայել, մի բան արեք նրա հետ ընկնեմ, բայց քառօրյան սկսվեց, այդպես էլ չկարողացանք...»:

Զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հարազատներն էլ մեկ տարի անց չեն համակերպվել նրա զոհվելու հետ. մինչեւ հիմա էլ նրա ծնողներին թվում է, որ նա մի օր վերադառնալու է. «Ամեն ինչի համար շատ էր շտապում, շտապում էր՝ չգիտես թե ուր: Սպասում էինք, որ հեսա կգա ու մեզ այդպես էլ սպասողական վիճակի մեջ թողեց: Մեկ տարի է անցել նրա զոհվելուց, բայց մինչեւ հիմա սպասում ենք նրա վերադարձին, ինչքան էլ իրականությունը դաժան լինի»,-ասում է  Սասունի հարազատներից Գեղամադուխտ Հարությունյանը: