Պետերբուրգի իշխանությունները հայտնել են մետրոյում պայթյունի հետեւանքով 50 վիրավորի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես հայտնել է նահանգապետի մամուլի քարտուղար՝ Անդրեյ Կիբիտովը. «Տվյալ պահին մոտ 50 տուժող կա, նրանց հետ աշխատում են բժիշկները։ Շտապ օգնության բրիգադների թիվը ներկա պահին 17 է, դրանք կմեծանան», - հաղորդել է նա։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ մասնավոր տեսանկարահանման ժապավեններում, որոնք ցուցադրվում են ռուսական հեռուստաալիքներով, երեւում է ձեւախեղված վագոնը, դրա կողքին մի քանի տուժողներ են պառկած։ Մետրոյի կայարանը ծխոտված է, լսվում են մարդկանց բղավոցներ։

Եթերում ականատեսները պատմում են վագոնում բարձր պայթյունի մասին, որը որոտացել է, երբ գնացքը հեռացել է կայարանից։ Ըստ ականատեսների՝ վիրավորների մեծ քանակ կա։

Իրադարձության ականատես Յուլիա Վարեւան «ՏԱՍՍ»-ին ասել է, որ պայթյունի ժամանակ վագոնի հատակին անցք է բացվել։ «Վերջին վագոնում՝ առաջին դռան դիմաց հատակին անցք է բացվել, խանձահոտ է զգացվել, ծուխ է վեր հորդել», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես հաղորդում է Gazeta-ն՝ սոցկայքերի օգտատերերը հայտնում են մարդկանց զանգվածային տարհանման մասին եւ այն մասին, որ արտակարգ ծառայությունները փակել են Նեւայի պողոտայի մի մասը։

Պետերբուրգի որոշ շրջաններում չի աշխատում բջջային կապը։ Այս մասին գրում են սոցկայքերի օգտատերերը։ «Մեզ մոտ՝ քաղաքի հյուսիսում, հաստատ չի աշխատում»։