Հնդկաստանում հայտնաբերել են «աղջիկ Մաուգլի»։ 8-ամյա աղջկան գտել են Կատարնիագատ վայրի բնության արգելոցում, Նեպալի հետ սահմանից ոչ հեռու։ Dayli Mail-ի փոխանցմամբ, երեխան չէր կարողանում խոսել ու հաղորդակցվում էր ճիչերի միջոցով։

Տեղի իշխանությունները դեռ փորձում են պարզել, թե ինչպես է աղջիկ հայտնվել անտառում ու ինչքան ժամանակ է այնտեղ մնացել։ Թերթը նշում է, որ աղջիկն իրեն պահում է կենդանու նման՝ վազում է ՝ ձեռքերին հենվելով, ուտում հատակից։ Որոշ ժամանակ անց նրան սովորեցրել են նորմալ քայլել ու ուտել ձեռքերով, բայց նա դեռ չի խոսում, սակայն հասկանում է, թե ինչ են իրեն ասում ու նույնիսկ ժպտոմ է։ Ժամանակ առ ժամանակ նրա մոտ ագրեսիայի նոպաներ են լինում։ Նա դեռ վախենում է մարդկանցից, ասում են բժիշկները։

Տեղի ոստիկանության ներկայացուցիչի խոսքով, երբ երեխային գտել են, նա մերկ է եղել ու իրեն շատ լավ էր զգում կապիկների շրջապատում։ Երբ հյուծված երեխային ոստիկանները փորձել են վերցնել, կապիկները հարձակվել են նրանց վրա՝ պաշտպանելով աղջկան ու հետապնդել ոստիկաններին մինչեւ մեքենա։ Աղջիկը շատ թույլ ու քաղցած է եղել, ըստ երեւույթին նրա ծնողներն են նրան թողել անտառում, ասում են ոստիկանները։












