Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում գտնվող խանութներից մեկի մոտ այսօր՝ ապրիլի 22-ին, հայտնաբերված ռուս զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով:
«Մահացած զինծառայողի ինքնությունը պարզվել է, նա 21 տարեկան է, պայմանագրային զինծառայող»,- ասաց դատախազը:
Ըստ տարածված տեղեկությունների՝ սպանվածը Դմիտրի Յալպաևն է:
Ավելի վաղ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ ըստ նախնական զննության, դիակի վրա առկա են սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներ: Համապատասխան միջոցառումներ են իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար:
Լուսանկարը և տեսանյութը ՝ tsayg.am–ի:















