Ժամանակն է, որ կոնկրետ գործնական քայլերի անցնենք։ Այս մասին այսօր`  ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

«Ինձ համար ամեն օր էլ ապրիլի 24 է, ուղղակի մենք ապրում ենք ապրիլի 25, 26, 27-ին եւ այդպես շարունակ: Արդեն ժամանակն է, որ մենք կոնկրետ գործնական քայլերի անցնենք, որը որ մենք սկսել ենք, գնալ մեր իրավունքների վերականգնման հետեւից եւ մեր ունեցվածքի հետեւից: Այստեղից նստելով կամ աշխարհի գերտերություններին հորդորելով, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը առանց հետեւանքների վերացման մասին մտածելու, դա կարծում եմ` երկարատեւ, եւ ոչ այնքան էֆեկտիվ ճանապարհ է: Դրա համար մենք պետք է կոնկրետ գործողությունների անցնենք»,-ասել է նա:

Պատգամավորի դիտարկմամբ` Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման համար նախ եւ առաջ անհրաժեշտ է նախապատրաստել Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը, քանի որ շատերը տեղյակ չեն՝ 100 տարի դեզինֆորմացված են եղել:

«Առաջին հերթին անհրաժեշտ է նախապատրաստել Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը, որպեսզի իրենց գիտակցության մեջ նրանք հասկանան: Մեր մեջ այսպիսի մի բան կա, որ ուզում ենք մեկս մյուսին վիրավորենք, ասում ենք` հո դու թուրք չես, նրանք էլ ասում են` հո դու հայ չես: Այ էս կետից պետք է հետ գնալ։ Ամեն ինչ դեռ առջեւում է, աշխարհում դեռ շատ գերտերություններ են փոխել իրենց կարծիքը, եւ մենք պետք է նախապատրաստվենք գալիքին»: