Մենք վաղուց բարձրաձայնել ենք Փաստաբանների պալատում տիրող իրավիճակի մասին եւ հանրությունը տեղյակ է՝ ինչ է կատարվում Պալատում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած հարձակմանը:
Նրա խոսքով, Փաստաբանների պալատում վաղուց անառողջ մթնոլորտ էր տիրում եւ լինում էին իրավիճակներ, որ անընդհատ փաստաբաններին դրդում էին կոնֆլիկտի:
«Ես սա միանշանակ կապում եմ Փաստաբանների պալատի նախագահի հետ, որովհետեւ գիտեմ, որ բոլոր հարձակվողները եղել են նրա աշխատակիցները: Նրանք որեւէ կերպ, որեւէ գործողություն չէին կարող կատարել առանց նրա հետ համաձայնեցնելու, առնվազն:
Մենք վաղուց ասում էինք, որ սա ունենալու է շատ լուրջ հետեւանքներ, որովհետեւ այս անձինք ունակ չեն իրավական դաշտում, նաեւ ընդհանրապես նորմալ մարդկային դաշտում փոխհարաբերությունների եւ նորմալ բանավեճի: Յուրաքանչյուր նորմալ բանավեճ նրանք հանգեցնում էին կռվի: Սա էլ դրա հետեւանքն է, երբ Փաստաբանական պալատի 4 պաշտոնյա, որոնցից մեկը Պաստաբանական դպրոցի տնօրենն է, հարձակվել են փաստաբանների վրա եւ հասցրել լուրջ մարմնական վնասվածքներ»,-ընդգծեց Լուսինե Սահակյանը:
Նրա խոսքով, սա պետք է ունենա շատ լուրջ հետեւանքներ. «Մենք մինչեւ վերջ ենք պայքարելու: Յուրաքանչյուր մեղավոր իր արժանի պատիժն ստանալու է: Այսպես շարունակել հնարավոր չէ, չի կարող փաստաբան լինել մի անձ, ով իրավական դաշտում չի կարող պայքարել, նորմալ քննադատություն չի կարող անել, եւ ոտքերի ու ձեռքերի ուժին է դիմում: Նման անձը իրավունք չունի լինել փաստաբան, առավել եւս լինել Պալատի պաշտոնյա: Ես նրանց փաստաբան չեմ հարամում, որովհետեւ փաստաբանը նման գործելաոճի չպիտի դիմի: Յուրաքանչյուր անձ կարող է հայտնվել նման իրավիճակներում, բայց որ փաստաբանը հարձակում գործի իր գործընկերների նկատմամբ, մարմնական վնասվածք պատճառի նրանց, ըստ էության խուլիգանական դրսսեւորումներով, հայհոյանքներով հանդես գա, հաշվի չառնելով, որ իգական սեռի ներկայացուցիչ կա, սա տղամարդուն հարիր չէ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ցերեկը փաստաբան Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը: Նրանք NEWS.am-ին պատմել են, որ իրենց վրա հարձակվել են Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Փաստապանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանը: Հարձակման ենթարկված փաստաբանները համոզված են, որ միջադեպը տեղի է ունեցել Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի առնվազն թույլտվությամբ եւ իմացությամբ:











