Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահեցնում է, որ ՀՀԿ կանանց շարքերում ավագ եւ երիտասարդ սերնդի միջեւ հակասություններ չկան եւ իր տեղը դժվարությամբ չի զիջելու հավանական իրավահաջորդ համարվող, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին։ NEWS.am–ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանն ասաց, որ դեռ հայտնի չէ՝ այս գումարման խորհրդարանում իրեն ով է փոխարինելու ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։
«Դեռեւս այդ հարցերը որոշված չեն, չեմ կարող ասել»,–ասաց Նաղդալյանը։ Դիտարկմանը՝ այդպես էլ ՀՀԿ–ում սերնդափոխություն տեղի չունեցավ, ինչը խոստացել էր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, Նաղդալյանը արձագանքեց. «Ձեր հարցը կանխակալ է, մի հատ տեսեք՝ ինչքան լավ երիտասարդներ, նոր մարդիկ կան, որ առաջին անգամ են գալիս, շատ լուրջ նորացում կա, եւ երիտասարդ սերունդը 40– 45 տոկոս է կազմում մեր խմբակցությունում»,–պնդել է Նաղդալյանը։
Նշենք, որ ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոնում նույնպես շրջանառվում է Արփինե Հովհաննիսյանի անունը, ինչի մասին Նաղդալյանը նույնպես «չէր լսել»։
«Ես չեմ կարող ասել՝ Ձեր տեղեկությունները որտեղից են»,–ասաց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ իր համար դժվար չէ տեղը զիջել երիտասարդ սերնդին։
«Հակասություններ չկան ավագ ու երիտասարդ սերնդի միջեւ։ Հակառակը, մենք մեր երիտասարդ սերնդի հետ փոխանակում ենք մեր փորձը, մենք մեր գիտելիքներն ենք տալիս, օգնում, աջակցում, ինչի՞ համար պիտի դժվար լինի, եթե Ձեր փոխարեն գա ավելի երիտասարդ լրագրող, դժվա՞ր եք տանելու»,–ասաց նա՝ վստահեցնելով, որ խանդով չի վերաբերում պաշտոններին հավակնող երիտասարդ ՀՀԿ–ականներին։











