Մայիսի 3-ին, ժամը 23.10-ի սահմաններում, համալսարանական հիվանդանոցից ահազանգ է հնչել ոստիկանությունում, որ դանակահարություն է տեղի ունեցել: Բժիշկներից մեկը հիվանդանոցի մուտքի մոտ նկատել էր դանակահարված մի տղամարդու, որի վիճակը ծանր էր, վերքը՝ թափանցող. Վնասվել էին կենսական նշանակության օրգանները:

Պարզվել է, որ դանակահարվածը Սարի թաղի 39-ամյա բնակիչ է: Նա Աբովյան փողոցից իր տաքսիով էր հասել հիվանդանոց: Իրավապահները պարզել են, որ Աբովյան փողոցում երկու տաքսիստ վիճել են, որի ժամանակ էլ մեկը մյուսին դանակահարել է: Պատճառը ավտոմեքենաների կայանումն է եղել:

Ոստիկանների տվյալներով, կասկածյալը 38-ամյա Արտակ Ս.-ն է, որը դեպքի վայրից հեռացել էր անհայտ ուղղությամբ:

Դեպքից 3 օր անց Արտակը ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական ցուցմունք: Նա ասել է, որ տուժողն իրեն անձնական վիրավորանք է հասցրել: