Իսրայելի բանտերի վարչությունը տեսագրություն է հրապարակել, որտեղ երեւում է, որ կալանավորների շրջանում զանգվածային հացադուլի կազմակերպիչներից մեկը՝ Մարվան Բարգուտին, տարբեր քաղցրավենիքներ է ուտում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելի բանտերում գտնվող մոտ 1500 պաղեստինցիներ անժամկետ հացադուլ են իրականացնում՝ փորձելով հասնել կալանքի պայմանների բարելավման։
Հացադուլի սկզբից Բարգուտիին տեսախցիկները երկու անգամ արձանագրել են թխվածք ու կոնֆետ ուտելիս։ Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է նա գաղտնի վերցնում ուտելիքը, նայում կողքերը՝ համոզվելու համար, որ ոչ ոք չի տեսնում, ապա ուտում քաղցրավենիքները։
Նշվում է, որ տեսագրություններն արվել են Կիշոն բանտում, որտեղ Բարգուտիին տեղափոխել են հացադուլի սկսվելուց հետո։











