Այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում սկսված ուժգին քամին մեծ ավերածություններ է պատճառել Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում: Քամու հետեւանքով «Ձորի թաղ» կոչվող թաղամասում վնասվել են բազմաթիվ առանձնատների տանիքներ՝ գյուղացիներին պատճառելով խոշոր չափի վնասներ:Ոժեղ քամին ամբողջությամբ պոկել է նաեւ Իշտիկունի գորգագործական գործարանի տանիքի մոտ 2000 քմ հատվածը: Կոտրվել եւ շրջվել են գյուղի ճանապարհներին տեղակայված էլեկտրասյուները: Լճաշենցիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ նման բան երբեք չէին տեսել։ «Կանգնած էի էդ տարածքում, մեկ էլ ոնց որ պտտահողմ, մրրիկ անի ու էդ կրիշը վերցնի քցի ցած, էնքան ուժեղա եղել, որ էդ ժեշտից տանիքը, պատկերացրեք ինչ ամրության ու քաշի, քցելա ներքեւ»,-ասացին գյուղացիները:
Հավելենք, որ դեպքի վայր են մեկնել Սեւանի փրկարար ծառայության օպերատիվ խումբը եւ Լճաշենի համայնքապետարանի աշխատակիցների հետ կատարել ուսումնասիրություններ բնակիչներին պատճառված վնասի վերաբերյալ, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվել են էլեկտրասյուների վերանորոգման եւ հոսանքի վերականգնողական աշխատանքներ:
Այս պահին ճշտվում է վնասի չափը:
























