Մայիսի 9-ին՝ «Հաղթանակ» զբոսայգում Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակներ դնելուց հետո լրագրողները որոշեցին վարչապետի հետ շփվել: Սակայն Կարեն Կարապետյանն այլ ծրագրեր ուներ, եւ նա թիկնազորի օգնությամբ փորձեց խուսափել մամուլի հետ սերտ շփումից: Լրագրողները, սակայն, վարչապետին խիտ օղակով շրջապատեցին՝ խցիկներով, շտատիվներով, միկրոֆոններով եւ հաղորդալարերով, եւ նրա հետ առաջ շարժվեցին:

«Կես ժամ է պետք ձեր հարցերին պատասխանելու համար: Մենք պետք է այլ վայր գնանք.,- լրագրողներին խելքի բերելու փորձ արեց Կարեն Կարապետյանը,- Մի՞թե կարելի է ամեն անգամ նման բան սարքել»: «Բայց մի՞թե ազատ 10 րոպե չի գտնվի»: «Կգտնվի»,- ճարահատյալ ասաց վարչապետը:

Հարց.- Սերժ Սարգսյանը լուրջ քայլեր է կատարում 2018 թվականին վարչապետ դառնալու համար: Դուք նման քայլեր տեսնո՞ւմ եք:

Պատասխան.- Ոչ:

Հարց.- Ասում են՝ դեմ էիք ՀՀԴ հետ կոալիցիային:

Պատասխան.- Ոչ:

Հարց.- Նախարարների հետ խնդիրներ ունե՞ք

Պատասխան.- Ոչ:

Հարց.- Ի՞նչ կասեք կառավարության կազմում փոփոխությունների մասին:

Պատասխան.- Նման բան չկա, երբ լինի, կհայտնենք:

Հարց.- Դուք եւ Սերժ Սարգսյանը մի թիմո՞ւմ եք:

Պատասխան.- Այո: