ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ վատ է վերաբերվում իր վաղեմի ընկեր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը։

Հարցին՝ մասնավորապես ինչի՞ն է վատ վերաբերվում՝ իշխանության դեմ դուրս գալո՞ւն, պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ իշխանության դեմ դուրս եկավ, դուրս եկավ քարոզարշավի, որի ժամանակ թույլ են տրվում սխալներ»։

Ըստ Վլադիմիր Գասպարյանի՝ Սեյրան Օհանյանի թույլ տված սխալը «Սասնա ծռերին» հերոսացնելն է։

«Սխալը «Սասնա ծռերին» հերոսներ անվանելն էր, սպան իրավունք չունի սպային սպանողի մասին այդպիսի արտահայտություն անել»,–ասաց ոստիկանապետը՝ հրաժարվելով պատասխանել Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեության վերաբերյալ այլ հարցերի։

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավման ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել էր գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանը։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, երբ «Սասնա ծռերը» զինված գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը։ Պաշտպանության նախարարն այդ ժամանակ որեւէ գնահատական չհնչեցրեց նրանց մասին եւ միայն պաշտոնից ազատվելուց հետո, երբ գլխավորեց Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքը, լծվեց անազատության մեջ գտնվող «Սասնա ծռերի» պաշտպանությանը։