Երևանի Նորագյուղ թաղամասի բնակիչները երեք օր սեփական միջոցներով փորձել են կասեցնել փողոցից իրենց տներ լցվող կոյուղաջրերի հոսքը, մինչեւ բազմաթիվ ահազանգերից հետո այսօր՝ մայիսի 9–ին, պատկան մարմինները մաքրել են խցանված կոյուղին եւ դադարեցրել կոյուղաջրերի արտահոսքը։
Այուամենայնիվ, բնակիչների դժգոհությունը չի վերացել. նախկինում էլ են նման խնդրի առջեւ կանգնել եւ չեն բացառում, որ մոտ ապագայում նորից կկրկնվի։
«Մեկ ժամ առաջ են եկել մաքրել խողովակները, բայց ո՞վ իմանա, որ մեկ-երկու շաբաթից նորից էս վիճակը չի լինի»,- NEWS.am–ի հետ զրույցում ասացին բնակիչները։
Թաղամասի բնակիչների խոսքով՝ կոյուղին պետք է փոխվի։ Խողովակները տարբեր հատվածներում համաչափ չեն, ինչի պատճառով էլ հաճախ խցանվում են։
«Ձմռանը ցրտից տրուբաները սառում են ու պայթում, ամռանն էլ լցվում են փողոցներն ու մարդկանց տները, ինչ հիվանդություն ասես կարաս ստանաս: Հոտին էլ չես դիմանա»,– ասացին բնակիչները։
Բնակիչների խոսքով՝ այս խնդիրը առկա է արդեն հինգ տարի, իրենք բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ կոյուղագծի հարցը լուծելու խնդրանքով, սակայն այդպես էլ խնդրին հիմնավոր լուծում չի տրվել:











