ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի երեկվա փորձը՝ միջադեպ հրահրել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, ծրագրված էր եւ, ամենայն հավանականությամբ, պատվիրված Բաքվից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ մայիսի 9-ին հայկական սփյուռքի ներկայացուցիչները, ըստ ավանդույթի, մասնակցել են «Անմահների գունդ» երթին։ Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք նախապես մասնակցության հայտ չէին ներկայացրել, այնուամենայնիվ ներկայացել են՝ խանգարելու մտադրությամբ։ Ինչպես հստակեցրել է  Անանյանցը՝ նրանք Համառուսական ադրբեջնական կոնգրես ադրբեջանական կազմակերպության ներկայացուցիչներն էին, որի գործունեությունը դադարեցված է  ՌԴ Արդարադատության նախարարության կողմից։

«Նրանցից մեկը խլեց հայկական թափորի վերջից ընթացողի ձեռքից Լեռնային Ղարաբաղի դրոշն ու կոտրեց կոթը», - պատմել է Գերման Անանյանցը։ «Հայերը պատասխան տվեցին, սադրիչներին իրենց տեղը ցույց տվեցին, բացատրեցին նրանց ղեկավարությանը, որ նրանք խախտում են ՌԴ օրենքները», - նշել է Անանյանցը։ Նրա խոսքով՝ հայերն աշխատում էին խուսափել ձեռնամարտից՝ չնայած ադրբեջանցիների ջանքերին։ «Դա նրանց ոճն է՝ սողոսկել, ստանալ դեմքին եւ սկսել բղավել, թե իրենց ծեծի են ենթարկել։ Դժբախտաբար, նրանց հետ շատ դժվար է երկխոսություն վարել», - եզրափակել է Անանյանցը։

Նա նաեւ ասել է, որ քննարկվում է ոստիկանություն դիմելու հարցը։