47 տարեկանում քաղցկեղի հետեւանքով վախճանվել է հայտնի դիջեյ եւ կոմպոզիտոր Ռոբերթ Մայլզը։ «Ռոբերթը խաղաղությամբ վախճանվեց գիշերը՝ 9 ամիս շարունակ 4–րդ կարգի մետաստատիկ քաղցկեղի դեմ համառ պայքարից հետո»,-չորեքշաբթի օրը, մայիսի 10-ին հայտնել է կոմպոզիտորի հիմնադրած OpenLab համացանցային ռադիոն, հաղորդում է DW-ն։

Հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ «Ռոբերթը ոչ միայն արտիստ էր, այլ նաեւ պիոներ էր, արարող, հայր եւ մեր ընկերը»։ Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները՝ Մայլզը մահացել է Իսպանիայի Իբիցա կղզում, որտեղ բնակվում էր։

Ծագումով Շվեյցարիայից Ռոբերթ Մայլզը, որի իսկական անունը Ռոբերտո Կոնչինա է, էլեկտրոնային դրիմ-հաուս երաժշտական ժանրի հիմնադիրն է։ Նրան հանրաճանաչություն պարգեւեց «Children» ստեղծագործությունը, որը վաճառվել է ավելի քան երկու միլիոն խմբաքանակով։ 

Դրանից հետո Ռոբերթ Մայլզը երկու սինգլ է ձայնագրել, որոնք ներառվել են բրիտանական հիթ շքերթներում՝ Fable եւ One & One։