Վարչապետ Կարեն Կարապետյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե իր ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջեւ հարաբերությունները լարվել են:

«Չեմ հասկանում՝ մամուլը որտեղից է դա վերցրել: Նորմալ, աշխատանքային հարաբերություններ ունենք»,- այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի քաղաքապետի ընտրություններին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ ըստ «Ժամանակ» օրաթերթի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստն այնքան էլ հարթ չի ընթացել: Վարչապետը հայտարարել է՝ ինքը դեմ է, որ հանձնաժողովում դաշնակցականներ ընդգրկվեն: Վարչապետին, սակայն, բավական կոշտ հակադարձել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հայտարարելով, որ հարցն արդեն որոշված է՝ հանձնաժողովում անպայման կլինեն դաշնակցական նախարարներ: