Գյումրիում մայիսի 5-ի առավոտյան տեղի ունեցած սպանության կասկածյալը խոստովանական ցուցմունք է տվել: 22-ամյա Հարություն Պ.-ն իրավապահներին պատմել է, թե ինչպես է մայիսի լույս 5-ի գիշերը 77-ամյա Ստեփան Մարկոսյանի սպանությունից հետո փախել Գյումրիի Ղորղանյան փողոցի առաջին փակուղու 11-րդ տնից:
Այդ տանը 77-ամյա Ստեփան Մարկոսյանն ապրում էր միայնակ: Հարեւաններն իրավապահներին հայտնել են, որ նա բավական հարգված մարդ էր եւ դժվար թե ունենար թշնամիներ:
Դանակի հարվածները եղել են սրտի հատվածում, արյան հետքերը ննջասենյակից բերում էին միջանցք, որտեղ էլ մահացել է Մարկոսյանը: Նրան ընկած հայտնաբերել էր հարեւանուհին եւ ահազանգել ոստիկանություն:
Սպանության օրը կասկածյալ Հարություն Պ.-ն ընկերների հետ զվարճացել է Գյումրիում գործող ժամանցի վայրերից մեկում: Այդ ընթացքում մի տղամարդու հետ է հեռախոսով խոսել, ասել է, որ մնա տանը, ինքը շուտով կգա:
Իրավապահները պարզել են, որ Հարությունն ընկերների հետ գինովցած գնացել է տուն, վերցրել հուշանվերային թուր եւ էլի ընկերների հետ գնացել Մարկոսյանի տուն:
Տեսնելով, որ տղամարդը դռան թակոցներին չի արձագանքում, որոշել էր նկուղից մտնել ներս: Ներսում Հարությունն ու տանտերը քաշքշել են ու ծեծել իրար: Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդը վերցրել էր սեղանից դանակը, մի քանի անգամ հարվածել Մարկոսյանին, ու փախել:
Կասկածյալն իրավապահներին հայտնել է, որ Մարկոսյանն իրեն պարբերաբար մեղադրել է իր ազգականի տնից գողություն կատարելու մեջ, ինքն էլ որոշել էր գնալ նրա տուն՝ պարզաբանումների:











