Թուրքիայի նախագահի կողմնակիցների կողմից Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու հետեւանքով տուժածների մեջ երիտասարդ եզդի կա, որը ծագումով Հայաստանից է: Այս մասին NEWS.am-ին ասաց Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը:
«Մնացած տուժածները քրդեր են: Տուժած եզդի աղջկա հետ մենք առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել: Տեղեկություն ունենք, որ նա երեկ բուժօգնություն է ստացել եւ դուրս գրվել հիվանդանոցից»,- ասաց նա:
Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, ձերբակալվածների մեջ չկան Էրդողանի թիկնապահները: Նշենք, որ թուրքական մամուլը հաստատել էր, որ բախումներին նաեւ Թուրքիայի նախագահի թիկնապահներն են մասնակցել:
Ավելի վաղ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայտնել էր, որ քաղաքացիները խաղաղ ցույց էին անցկացնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցելության դեմ։ Սպիտակ տան մոտ ակցիան անցնում էր խաղաղ, Էրդողանի կողմնակիցները հարձակվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ հավաքված ցուցարարների վրա։
Նշենք, որ ամերիկահայերը նույնպես միացել էին մայիսի 16-ին Սպիտակ տան մոտ կազմակերպված բողոքի ակցիային, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության ու նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման դեմ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը քրդական, հունական ու ասորական կազմակերպությունների հետ միասին բողոքի ակցիա է անցկացնում, որպեսզի ուշադրություն գրավի Թուրքիայում Էրդողանի ռեպրեսիաներին ու երկրի սահմաններից դուրս ագրեսիային։











