«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե հենց սկզբից տեղյակ է եղել մանդատներից հրաժարվելու դիմումների հետ կապված իրավիճակին։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 17-ին, խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը։

Նա նշել է, թե մանդատից հրաժարվելու դիմումները ներկայացնելուց հետո քաղաքական որոշում էր փոխվել։ Վեց անձի ինքն է ասել, որ գնան դիմումները հետ վերցնեն, մյուս վեցի հետ էլ ԿԸՀ նիստից հետո է զրուցել։

Խմբակցության նիստում ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարել է, թե դիմում է գրել ԱԺ նախագահի անունով, նախագահի անունն էլ ազատ է թողել, քանի որ դեռ չգիտեն, թե ով է ընտրվելու։ Զուրաբյանը պատրաստվում է հենց վաղը ներկայացնել այդ դիմումը եւ հրաժարվել մանդատից։

Պատգամավոր Վահան Կարապետյանն էլ պատմել է, թե ինքն է հրաժարվել մանդատից՝ հուսահատված լինելով իր ստացած քվեների քանակից։ Իսկ մայիսի 3-ին գնացել է ԿԸՀ՝ դիմումը հետ վերցրել։ Հիմա էլ նա պատրաստ է մանդատից հրաժարվել, իսկ իրեն տեսնում է ցանկացած տեղում, որտեղ իրեն կտեսնի Գագիկ Ծառուկյանը։

«Բոլորն էլ տեղը տեղին կքննարկվի, ճիշտ որոշումները կկայացվեն»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

Մանդատից հրաժարվելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանն ու Նապոլեոն Ազիզյանը։