Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը դատապարտել է խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Քաղաքապետի խոսքով՝ Թուրքիայի դեսպանատան մոտ կատարված հարձակումը «Վաշինգտոնի արժեքներին եւ մեր, որպես ամերիկացիների, իրավունքներին հասցված» վիրավորանք է: Նա նշել է, որ Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմին տեղեկացրել է տեղի ունեցածի մասին: «Մայրաքաղաքի ոստիկանության վարչությունը կշարունակի միջադեպի հետաքննությունը եւ կաշխատի դաշնային գործընկերների հետ՝ արդարությունն ապահովելու համար»,- հայտարարել է նա:

Իր հերթին, ոստիկանապետ Նյուշեմը հայտարարել է, որ հարձակվողների գործողությունները չեն համապատասխանում առաջին ուղղման իրավունքներին եւ սկզբունքներին:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Վաշինգտոնի քաղաքապետին եւ ոստիկանապետին շնորհակալություն է հայտնել: «Նախագահ Էրդողանը Թուրքիայում համանման հարձակումները եւ բռնաճնշումները կարող է կատարել, բայց մենք պարզապես չենք կարող նրան թույլ տալ ատելության եւ բռնաճնշումների իր բրենդը մեր երկրի մայրաքաղաք կամ ԱՄՆ-ում որեւէ այլ վայր արտահանել»,- հայտարարել է Համբարյանը:

Ինչ վերաբերում է միջադեպի վերաբերյալ Պետքարտուղարության հայտարարությանը, Համբարյանն այն «թույլ եւ ոչ արդյունավետ» է անվանել: Նրա խոսքով՝ համանման հայտարարությունները նշանակում են, որ չկան այնպիսի կարմիր գծեր, որոնք Էրդողանը չկարողանար անցնել:

Հենց Համբարյանն է ուղիղ եթերում տեսանկարահանել մայիսի 16-ի հարձակումը, որը տեղի է ունեցել Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Էրդողանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ հարձակումների մասին տեղեկությունների հրապարակման պահից ANCA-ն սկսել է ստանալ սպառնալիքներով հեռախոսազանգեր եւ համացանցում հաղորդագրություններր: Վախեցնելու մարտավարության մասին զեկուցվել է մայրաքաղաքի ոստիկանությանը: