Ուզում եմ օգտակար լինել եւ ասել, որ իսկապես ելք կա: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ նախագահի ընտրության ժամանակ իր ամփոփիչ խոսքում նշեց ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Արա Բաբլոյանը:
«Շնորհակալ եմ բոլոր հնչած կարծիքների, առաջարկությունների համար, ընտրվելու պարագայում պատրաստ եմ աշխատելու բոլորի հետ դրանք կյանքի կոչելու համար: Միաժամանակ, ուզում եմ օգտակար լինել եւ ասել, որ իսկապես ելք կա»,-ասաց նա, ինչին հաջորդեցին ծափահարություններ:
Բաբլոյանը դիմելով ԱԺ նախագահի մյուս թեկնածու, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանին, նշեց. «Որպեսզի կարողանանք երկուսով գնալ քվեարկության, պետք է խնդրեմ նախագահողին, որ տա ձեզ հնարավորություն, որ երդվեք, որովհետեւ մենք բոլորս երդվել ենք, իսկ դուք ոչ»:
Նշենք, որ այսօր ԱԺ անդրանիկ նիստի սկզբում բոլոր պատգամավորները ենդվել են, սակայն «Ելք» դաշինքի ներկայացոիցիչները բոյկոտել էին նիստը: Նրանք ԱԺ նիստին ներկայացան միայն այն ժամանակ, երբ դահլիճից հեռացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը: 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը, որի կազմում է նաեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն:











