Ավանդույթի համաձայն, Ազգային ժողովը ոչ միայն հակակշիռ չէ, այլեւ շատ հաճախ եւ շատ արագ դառնում է գործադիր իշխանության կցորդը: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցոթյան ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Անդադար քաղաքական ամբիոններից հնչում է հակակշիռների եւ զսպումների մասին անհրաժեշտության մասին հայտարարություններ: Բազմաթիվ ելույթներից հետո ՀՀ իշխանության ներսում հակակշիռների եւ զսպումների իրական մեխանիզմներ չկան եւ գոյություն չունեն: Նախատեսված է, որ ամենամեծ հակակշռող ու զսպող կենտրոնը պետք է լինի խորհրդարանը, բայց այդպես չէ: Շատ դեպքերում Ազգային ժողովին Բաղրամյան 26-ից են հուշում, թե օրինակ Կառավարությունը լավ է աշխատում, թե ոչ, պետք է հեռացնել, թե պահել: Ազգային ժողովին այս ոչ պատվաբեր դերակատումից հանելու լավագույն ձեւն ընդդիմադիր նախագահ ունենալն է: Սա կապացուցի, որ իշխանություններն ունեն կամք հակակշիռներ եւ զսպումներ ունենալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արա Բաբլոյանին ինքը լավ է վերաբերում, բայց մշակութային շոկ է ապրել, երբ պարզվել է, որ Բաբլոյանն ուրիշի փոխարեն քվեարկել է. «Որպես մանկաբույժ՝ Արա Բաբլոյանը հռչակավոր մանկաբույժ է, եթե ընտրվի, մանկաբուժությունը մեծ վնաս կկրի, քանի որ այդ աշխատանքը համատեղելի չէ պատգամավորական գործունեության հետ: Եթե Մարուքյանն ընտրվի, մանկաբուժությունը չի տուժի»:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց քվեարկել իրենց թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին՝ աշխարհին ապացուցելու համար, որ Ադրբեջանում քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչը չի կարող լինել խորհրդարանի նախագահ, մինչդեռ Հայաստանում դա հնարավոր է եւ արվել է:

Փաշինյանի ելույթից հետո ձայն խնդրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու զարմանք արտահայտեց, թե ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանը երաշխավորել Ադրբեջանի փոխարեն, միեւնույն ժամանակ նշեց, թե ինչ կապ ունի Հայաստանի խորհրդարանի նախագահի ընտրություններն Ադրբեջանի հետ: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Պարոն Բաղդասարյանի ելույթում ակնհայտ երեւաց իշխող կուսակցության վերաբերմունքն Ազգային ժողովի նախագահի մասին՝ հայտարարելով, թե խոսնակ է էլի: Սա ուղղակի վիրավորանք է նաեւ Արա Բաբլոյանի հանդեպ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, կարծում եմ՝ ձեր խմբակցությունում այդ հարցը տաք, որովհետեւ ձեր պատգամավորներն են պատեհ-անպատեհ Ադրբեջանի Ճ կլասի կայքերից մեջբերումներ անում եւ ձեր իշխանությունն էր, որ 800 հա զիջեց, տվեց Ադրբեջանին»: