Վաշինգտոնյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մեկ դարում Թուրքիան ոչնչով չի փոխվել: Մայիսի 19-ին՝ պոնտիացի հույների ցեղասպանության հիշատակի օրը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Այսօր աշխարհը հիշում է պոնտիացի հույների ցեղասպանությունը: Կիպրոսը եւ Հունաստանը այն փոքրաթիվ երկրների շարքում են, որոնք քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը: Սա միաձայն է կատարվել: Հայաստանը եւ Արցախն էլ այն փոքրաթիվ երկրների շարքում են, որոնք դատապարտել են պոնտիացի հույների ցեղասպանությունը: Այս պայքարում մենք միասնական եւ կհաղթենք»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ վաշինգտոնյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մեկ դարում Թուրքիան չի փոխվել: «Նույն խուլիգանական հանդուգն քաղաքականությունն է: Մեկ դարում՝ Աթաթուրքից մինչեւ Էրդողան, գրեթե ոչինչ չի փոխվել: Նույն ժխտման քաղաքականությունն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ցեղասպանության դատապարտման համար անհրաժեշտ է միասին պայքարել:
Օսմանյան կայսրության հույների, ասորիների եւ այլ ժողովուդների ցեղասպանությունը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը: Հայաստանի խորհրդարանը նախկինում այս հանցագործությունները դատապարտող բանաձեւ է ընդունել:











