Քրեական հեղինակությունների նկատմամբ մահափորձ նախապատրաստող անձանց վնասազերծելու մասին ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։
Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծել են մի խումբ անձանց, որոնք կասկածվում են առանձնապես ծանր հանցագործության՝ սպանություն նախապատրաստելու մեջ: Ըստ ոստիկանության՝ այդ նպատակով վարձակալել են նշված տունը, նաև ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք՝ ձեռնամուխ լինելով սպանության նախապատրաստման գործողություններին:
Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, տանտիրոջ և ընթերակաների ներկայությամբ, բնակարանը խուզարկվել է: Հայտնաբերվել է երկու ինքնաձիգ, մեկ ատրճանակ, որոնց պահունակներում փամփուշտներ են եղել։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեագետները ապօրինի պահվող զենք-զինամթերքը տեղում ենթարկվել են փորձաքրեագիտական մշակման: Քրեագիտական մշակման ենթարկվել ու առգրավվել են հայտնաբերված բջջային հեռախոսները:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն ու ձերբակալվել:
Քննությունը շարունակվում է:











