Հայաստանում պետական կառավարումը պետք է թվայնացնել։ Այս մասին հունիսի 8-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա պետական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց մեկ ամսում կազմել թվայնացման գրաֆիկը։ Այդ տվյալների հիման վրա 2 շաբաթվա ընթացքում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը կկազմի աշխատանքների ծրագիրը։

Հաջողված օրինակներ արդեն կան՝ պետեկամուտների կոմիտեն, տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը։ Վարչապետը հավելեց, որ այնտեղ հանձնարարությունները կատարելու արդյունավետությունը բավական աճել է։

«Դրանից ամեն ինչ փոխվում է, եւ ոչ միայն կենտրոնական աշխատակազմում։ Դպրոցները, մանկապարտեզները, քաղաքապետարանները՝ ես չեմ կարող նշել հատվածներ, որտեղ դա անհրաժեշտ չլինի»,- նկատեց նա։