Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 10-ի առավոտյան այցելել է «Աստանա էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար, որը գտնվում է «Մետաքսի ճանապարհ» կոչվող հավաքական տաղավարում:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանին տրամադրված տարածքում ցուցադրված են ոչ միայն այլընտրանքային էներգետիկայի հայաստանյան առաջարկները, այլեւ զուգահեռաբար ներկայացված են Հայաստանի մշակույթի, պատմության, տնտեսության, զբոսաշրջության եւ ներդրումային հնարավորությունները։

«Աստանա էքսպո 2017» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակված տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ցուցահանդեսի ՀՀ ազգային օպերատոր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության նախագահին ներկայացրել են հայկական տաղավարում իրականացված աշխատանքները, ցուցադրված նյութերն ու առաջիկա երեք ամիսներին այստեղ նախատեսվող աշխատանքները:

Աստանայի ցուցահանդեսի շրջանակներում մինչեւ սեպտեմբերի 10-ը նախատեսվում է կազմակերպել նաեւ մասնակից-երկրների ազգային օրեր:

Ավարտելով աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: