Սեպտեմբերի 25-ին ժամը 21․35-ին ահազանգ  է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Մամիկոնյանց փողոցում խուլիգանություն է կատարվել։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը, զննելով տարածքը, հայտնաբերել է  9մմ տրամաչափի գազային ատրճանակի երեք պարկուճ։ Փողոցում եղել են նաեւ մի քանի կասկածելի մեքենաներ։ Ոստիկանները առգրավել են հարակից տարածքը նկարահանող տեսախցիկների տեսագրությունները, ստացվել են օպերատիվ տեղեկություններ։  Պարզվել է, որ տեղի էր ունեցել վիճաբանություն, որն իր նախապատմությունն ուներ։

Ոստիկանության փոխանցմամբ, օրեր առաջ Երեւանի բնակիչ Գագիկ Աղաջանյանը վիճաբանել էր Վլադիմիր Գալստյանի եւ նրա ընկերների հետ։ Երեք օր անց՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում Վլադիմիր Գալստյանը 20-30 հոգու հետ միասին եկել են Աղաջանյանի բնակության վայր՝ նրանց միջեւ եղած հարցերը պարզաբանելու համար։ Երբ հարձակման է անցնում Աղաջանյանի բանակը, Գալստյանի բանակը նահանջում է՝ թողնելով մեքենաները»։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, ոստիկանների ձեռնարկած  բացատրական աշխատանքի շնորհիվ  ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացան խուլիգանության մասնակիցներ, Մամիկոնյանց փողոցի բնակիչներ՝ Գագիկ, Էդուարդ եւ Տիգրան Աղաջանյանները, երեւանցիներ Վլադիմիր Գալստյանը, Գուրգեն Մնացականյանը, իսկ սեպտեմբերի 29-ին՝ Կարեն Մանուկյանը։  Վլադիմիր Գալստյանը եւ Կարեն Մանուկյանը ներկայացրել են գազային ատրճանակները եւ խոստովանեցին, որ իրենք են գործադրել դրանք։

Բացի այդ, ոստիկանության Արաբկիրի բաժնի  պահպանվող հատուկ տարածք տեղափոխված  մեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել է  2 գազային ատրճանակ, երկու կրակված փամփուշտ, կռփազենք, փայտե մահակ եւ գաղտնի փականով դանակ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի խուլիգանության հատկանիշներով։ Միջադեպի բոլոր մասնակիցները հայտնաբերվել են, քննությունը շարունակվում է։