Միջանցքներում կորզած արտահայտությունները ֆասթ ֆուդի նման մի բան են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթենուոմ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ միջանցքում իր եւ լրագրողների միջեւ տեղի ունեցածին:

«Ես սիրում եմ մտածված ու խորքային լրագրություն, ես համարում եմ, որ լրագրությունը ունի հսկայական դեր խաղալու մեր երկրի կայացման, մեր քաղաքացիական հասարակության զարգացման մեջ: Կարծում եմ՝ միջանցքներում կորզած արտահայտություններից կիսաեզրակացություններ անող լրագրությունը ֆաստ-ֆուդի նման մի բան է: Ինքս չեմ սիրում այդպիսի վերաբերմունք գործին, դրա համար ունեմ պարբերաբար ասուլիսների ձեւաչափ, ունեմ բավականին լուրջ մամուլի ծառայություն, որը երբեք չի մերժել լրագրողներին հարցազրույցներ կամ ցանկացած թեմայով պատասխանատուներ, որոնք կարող են պարզաբանումներ տալ: Ես հասկանում եմ, որ ձեզ հեշտ է աշխատել ոտքի վրա, տենց ժամանակ քիչ եք ծախսում»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ այդ օրն Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը նշել էր, որ լարվածության աճ կարող է լինել շփման գծում, ուստի ՀՀ պաշտպանության նախարարը կարող էր երկու խոսքով նկարագրել իրավիճակը, ոչ թե վիարավորել լրագրողներին՝ նրանց անվանելով անտակտ, Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Մեր լրատվական ծառայությունը պատրաստ է ամեն օր պատասխանել ձեր հարցումներին սահմանագծում իրավիճակի մասին: Անտակտ խոսքը վիրավորական չէ, անտակտը գնահատական է: Դուք հիմա ձեր հարցում 20 հատ ավելի վիրավորական խոսք ասացիք ուղղակի չեք նկատում դա»:

Նշենք, որ օրեր առաջ ԱԺ-ում երբ լրագրողները Վիգեն Սարգսյանից հարցրեցին սահմանին տիրող իրավիճակի մասին, նա հրաժարվեց պատասխանել՝ լրագրողներին անվանելով «անտակտ»: Իսկ նրա թիկնապահները այս ու այն կողմ էին հրում լրագրողներին: