Հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. ժամը 16։00-ի սահմաններում Նուբարաշենի բանտի թիվ 008 խցում հագուստի կապիչ թելով մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ, 80-ամյա Բախշի Երիցյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս մեղադրվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով եւ 2015 թվականին Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։

Բախշի Երիցյանը 2015 թվականի հունվարի 31-ին առանձնակի դաժանությամբ, մուրճով սպանել էր 69-ամյա Արշավիր Բարսամյանին` անկողնում, քնած ժամանակ, իր հանցակիցների հետ միասին թղթով փակելով զոհի բերանը, սպանվելուց հետո նրան տեղափոխել էին խոհանոց` նկուղ իջեցնելու նպատակով:

Բախշի Երիցյան, կինն ու եւս մեկ հանցակից ձերբակալվել էին` տնից դուրս գալիս:

Ավելի վաղ NEWS.am-ը այդ դեպքի վերաբերյալ նյութ էր հրապարեկլ, որտեղ նշել էր. «78-ամյա Բախշի Երիցյանը եւ նրա կինը՝ Էլմիրա Երիցյանը, այցելել էին իրենց ազգականին անշարժ գույքի հետ կապված հարցերը պարզելու համար, սակայն դեպքը ավարտվել էր ողբերգությամբ: Հունվարի 31-ին՝ առավոտյան, Ֆուչիկի 24 շենքի 30. բնակարանում կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն, բերման է ենթարկվել մի կին եւ երկու տղամարդ: Ոստիկանները հայտնաբերել են բնակարանատիրոջ՝ ՌԴ քաղաքացի, 69-ամյա Արշավիր Բարսամյանի դին՝ գլխի շրջանում բութ հարվածի հետեւանքով ստացած վնասվածքներով:

Գլխավոր կասկածյալը սպանվածի մորաքրոջ որդին է, ով նշել է, որ եղբոր հետ տարաձայնություններ ունի, վերջինս առգրավել է իր բնակարանը: Դեպքի օրը նա եղբոր տուն էր այցելել կնոջ եւ տաքսու վարորդի հետ, տաքսու վարորդը պատմել է, որ փորձում էր բաժանել նրանց, որ չխփեին, իսկ Էլմիրա Երիցյանը օգնում էր ամուսնուն: «Ինքը որ ինձ խփեց, ես ընկա, հետո վեր կացա, նորից սկսեց խփել, ձեռը գցեց, ոլորեց թեւս, ես էլ սեղանի վրա ընկած ինչ-որ ձեռս ընկավ. սկսեցի խփել, արդեն աչքերս փակ խփել եմ, չեմ իմանում՝ ոնց եմ խփել»,-պատմել է Բախշի Երիցյանը: Ծեծկռտուքը ավարտվել է մահճակալի վրա՝ մուրճի հարվածներով: Ոստիկանները մոտեցել են, երբ սպանվածի մարմինը մոտեցնում էին նկուղ տանող դռանը»: