Երեւան քաղաքի Սախարովի հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 28-ից Նալբանդյան, Վարդանանց եւ Պուշկինի փողոցների նշված հրապարակ մուտք-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:
Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր եւ զիջել փողոցը հատող հետիոտներին:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 11-ից Սախարովի հրապարակում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում երթեւեկության առավելություն ունեն նշված հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:











