Microsoft ընկերությունը Windows 10 օպերացիոն համակարգի համար ներկայացրել է  փորձնական գործառույթ, որն օգտատերերին թույլ կտա մեկ պատուհանում տարբեր հավելվածներ գործարկել՝ բրաուզերում ներդիրներ բացելու նմանությամբ: Sets աշխատանքային անվանումը ստացած գործառնության նկարագրությունը հրապարակվել է Microsoft-ի բլոգում, փոխանցում է Newsru.com-ը: 

Նոր գործառնության էությունը ցուցադրվել է ոչ մեծ տեսահոլովակում: Ըստ տեսանյութի սյուժեի՝ աշակերտուհին հրաբուխների մասին նախագիծ է պատրաստում, եւ դրա համար նա տարբեր հավելվածների կարիք ունի: Նա Sets-ի օգնությամբ մեկ պատուհանում բացում է Word փաստաթուղթ, OneNote նշումների ֆայլ, PowerPoint-ում շնորհանդես, ինչպես նաեւ բրաուզերի էջ: Գործարկված հավելվածներով ներդիրները նույնպիսին են, ինչպիսին բրաուզերում, իսկ նոր ներդիրով էջը թույլ է տալիս փաստաթղթերը փնտրել անհատական համակարգչում եւ ամպային պահեստարանում կամ տեղեկություններ՝ համացանցում: Այս էջին արտացոլվում է նաեւ օգտագործած վերջին հավելվածների ցանկը:

Sets գործառնության երկրորդ օգտակար առանձնահատկությունն այն է, որ բացված ներդիրների հավաքածուն փակելուց հետո պահպանվում է, եւ այն կարելի է վերականգնել ինչպես տվյալ անհատական համակարգչում, այնպես էլ այլ՝ մտնելով Office 365-ում քո հաշվառման գրանցմամբ: Sets-ը պատճենում է նաեւ շատ բրաուզերների գործառնությունները: