ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի՝ աղքատության եւ թանկացումների վերաբերյալ արված հայտարարություններին: Նա նշել է, որ  ՀՀ քաղաքացու հասցեին արված որեւէ պատգամավոր, որեւէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված հայտարարություն անել:

«Այդ առումով, ափսոսանք եմ հայտնում, որ նման հայտարարություն է արվել կամ կոնտեքստից հանվել է հայտարարությունը: ՀՀ բոլոր քաղաքացիները մեր ամենամեծ հարստությունն են: Թանկացումը շատ վատ բան է, թանկացման վերաբերյալ օբյեկտիվ, շատ համոզիչ պատասխան տվել է  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Մեր իշխանության, մեր կառավարության քայլերը պետք է միտված լինեն, որպեսզի քայլ առ քայլ լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության խոցելի խավի առջեւ»,-ասել է նա:

Հիշցնենք, որ Հանրապետական խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե թանկացումները չեն վնասի աղքատներին, որովհետեւ նրանք, միեւնույն է, գումար չունեն եւ առանձնապես շատ բան չեն կարողանում գնել: Իսկ Խոսրով Հարությունյանն ասել էր՝ միեւնույնն է աղքատները  գումար չունեն եւ առեւտուր չեն անում, ինչ կապ ունի՝ միսը թանկ է, թե էժան: