Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ին,  բոյկոտեց ավագանու նիստն ու հեռացավ նիստերի դահլիճից: Ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ «Ծիտ» մականունով հայտնի Արմեն Սահակյանը հայտարարեց՝ «գնամ, ճամփեմ, գամ»: Քաղաքապետարանի միջանցքում նա Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ «Հիմա ձեր տանն ի՞նչ կա»,-Փոստանջյանը արձագանքեց. «Ես ծիտիկների հարցերին չեմ պատասխանում»: Արմեն Սահակյանն էլ հակադարձեց՝  «Քեզանից էլ լավ ծիտիկ, այ թռչունիկ»:

Փոստանջյանը կոչ արեց ավագանու անդամին հեռանալ եւ կոռեկտ պահել իրեն. «Ձեզ կոռեկտ պահեք»:

«Անցի առաջ, տեղը չես բերո՞ւմ, տան ծիտիկները ո՞նց են»,-ասաց «Ծիտ» մականունով հայտնի ավագանու անդամը եւ հեռացավ:

Նշենք, որ Երեւանի ավագանու երկրորդ նստաշրջանն ավարտվեց: Այսօր շուրջ 7 ժամ տեւած նիստի ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու բոլոր անդամներին հրավիրեց դեկտեմբերի 29-ին կայանալիք ամանորյա միջոցառմանը:

Ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին:

Նշենք, որ հատկապես մայիսին կայացած ավագանու ընտրություններից հետո նիստերն ընթանում են լարված մթնոլորտում: Դեռ ընտրություններից հետո «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «դժոխք էր խոստացել», նա կարծես խոստումը պահել է այս ամիսների ընթացքում: Ամեն դեպքում նիստերի ընթացքում հանրապետականները հաճախ են հունից դուրս գալիս, փոխադարձ վիրավորանքներ եւ մեղադրանքներ են հնչում միմյանց հասցեին: