«Հարսնաքար» ռեստորանում 2012թ. հունիսին սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մայրը դեպքից 5 տարի անց որդու մասին խոսելիս արտասվում է, ձայնը՝ խեղդվում:

«Ոչ մի վայրկյան չեմ հաշտվում իմ կորստի հետ, ամեն վայրկյան տղայիս հետ եմ մտքերով, չեմ կարողանում բաց թողնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Լենորա Ավետյանը:

Տիկին Լենորայի միակ ուրախությունն այժմ Վահեի 9 եւ 10 տարեկան երեխաներն են, որոնք մոր եւ տատիկ, պապիկի խնամքին են: 9-ամյա Գառնիկի երազանքը մեկն է` հայրիկի նման բժիշկ դառնալ: Վահե Ավետյանի մահվանից հետո իր հիշատակին ստեղծված բարեգործական հիմնադրամի գործունեությունն էլ այժմ կասեցված է, քանի որ ոչ ոք չի զբաղվում այդ հարցերով: Տիկին Լենորան հույս ունի, որ այն նորից կսկսի իր գործունեությունը, քանի որ Վահեն շատ էր սիրում բարեգործություն անել:

Վահե Ավետյանի մայրը երբեք չի հետեւել դատական գործընթացին եւ մինչեւ հիմա էլ չգիտի, թե ովքեր են պատժվել. «Ես ինչ կորցնելու էի, կորցրի, դրանից հետո ոչինչ հետ չի գալու, ուղղակի մեղավորները եթե կան ու ազատության մեջ են, թող իրենց պատիժը Աստծուց ստանան»:

5 տարի առաջ դատապարտվածներին ներկայացրած իրենց քաղհայցը մերժվել էր, փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո վերջերս նորից էին քաղհայց ներկայացրել. նորից մերժել են: Տիկին Լենորան քաղհայցից մանրամասներ չգիտի, ասում է՝ փաստաբանն է դրանով զբաղվում:

«Իհարկե, դա փոխհատուցում չի, ոչ մի բան չի կարող փոխհատուցի իմ երեխուն, ոչ մի բան: Գումարով ոչ մի բան չես փոխհատուցի, ուղղակի դա իր երեխեքի համար է, դա չնչին բան է մեր կորստի նկատմամբ»,- ասում է մայրը:

Ավետյանների ընտանիքը քաղհայցում նշել էր նաեւ ՀՖՖ նախագահ, «Հարսնաքար» ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին: Տիկին Լենորան այժմ էլ վստահ է, որ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահերի գործողությունները եղել են հենց նրա հրահանգով կամ իմացությամբ, եւ այդ պատճառով էլ քաղհայցը նաեւ նրան է ուղղված եղել:

«Դեպքի հաջորդ օրը հոսպիտալում ես տղաներից լսեցի, որ Ռուբեն Հայրապետյանը ասել է` դաս տվեք բժիշկներին: Եթե մարդուն կարելի է խոսքով հասկացնել, ի՞նչ դաս տալու մասին է խոսքը»,- վրսովված հավելում է Վահե Ավետյանի մայրը:

Այն, որ կատարվածում Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը կա, ըստ տիկին Լենորայի, փաստում է նաեւ այն հանգամանքը, որ Ռուբեն Հայրապետյանը դեպքից հետո իր հարցազրույցներից մեկում ասել է, թե չի պատկերացնում` ինչպես է նայելու Վահե Ավետյանի ծնողների աչքերին. «Մարդ, եթե մեղքի բաժինը չունենա՝ ինչի՞ պիտի նման արտահայտություն անի: Ինձ թվում է՝ իր հրահանգով է եղել, իսկ կատարողները խղճուկ գործիք են եղել ընդամենը»:

Այս 5 տարիների ընթացքում, տիկին Լենորայի խոսքով, Ռուբեն Հայրապետյանը գոնե մեկ անգամ չի այցելել կամ գոնե հեռակա կարգով իր ցավակցություններն ուղարկել սպանվածի ընտանիքին:

«Դե ինքը, ինչ խոսք, ի՞նչ ներողության մասին է խոսքը, կամ ինչ մխիթարելու, որ թեկուզ գար մի անգամ: Իրեն, իհարկե, ոչ մեկը չէր սպասում, միայն իր անունն իմ մոտ ահավոր վիճակ է առաջացնում, կամ, որ տեսնում եմ հեռուստացույցով, ինձ թվում է` այնտեղ մարդ չկա, սատանայի ծնունդ է»,- ասում է տիկին Լենորան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին մահացել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Վերաքննիչն անփոփոխ է թողել դատավճիռը, իսկ Վճռաբեկն էլ գործը վարույթ չի ընդունել: