Հացպանյանին բնորոշ ամենակարեւոր հատկանիշը պայքարող մարդ լինելն է: Ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս հացպանյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, այսօր՝ հունվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«Ինքը պայքարող մարդ էր, պայքարող տեսակ եւ նունիսկ շատ ժամանակ ոչ շախմատային քայլեր էր անում, որի հետեւանքով նաեւ բանտում հայտնվեց, ամեն ինչին շատ բուռն էր արձագանքում եւ երեւի դրա համար էլ օրգանիզմը չդիմացավ»,-ասաց Գագիկ Գինոսյանը:
Գագիկ Գինոսյանը հավելեց, որ Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցում որպեսզի այսպիսի իրավիճակ չստեղծվեր, անհրաժեշտ է, որ Պաշտպանության նախարարությունը ունենա արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցների անունները եւ նրանց մասին տեղեկությունները:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ Սարգիս Հացպանյանի հարցում պետք է խնդիր չառաջանար, նրան Եռաբլուրում հուղարկավորելու հետ կապված:
«Սարգիսն այն մարդկանցից է, որ հենց առաջին օրից եկան, մասնակցեցին, իրենց ավանդը դրեցին հաղթանակների կերտմանը եւ պատահական չէ, որ ինքը հայտնվեց, մեր ամենափառահեղ ջոկատներից մեկում՝ Լեոնիդի ջոկատում : Այսինքն ուրանալ, այն ինչ եղել է, անհնար էր: Շատ ուրախ եմ, որ այդ որոշումը ճիշտ կայացվեց եւ Սարգիսը կհայտնվի իր ընկերների կողքին»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Սարգիս Հացպանյանի մարտական ընկեր Վոլոդյա Ավետիսյանն էլ ասաց, որ 1991 թվականին, երբ Հացպանյանը եկել է Հայաստան, միացել է Լեոնիդ Ազգալդյանի ջոկատին:
«Սարգիսը մեծ ներդրում ունի մեր անկախության կերտման օրից մինչեւ այսօր եւ միանշանակ, այստեղ քննարկման ենթակա չէր , որ պետք է նախագահն ասի, կամ ինչ-որ մեկն ասի: Մենք գիտենք՝ էսօր ոնց է իրավիճակը, անհատական մոտեցում է, ճնշում են, նեղացնում են», -ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Սարգիս Հացպանյանին հոգեհագստին մասնակցեցին նրա ընկերները հարազատները, քաղաքական գործիչներ եւ ուղղակի քաղաքացիներ:











