23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մրցումներին մասնակցում էին 92 երկրների մարզիկներ։ Դրանք, սակայն, առանց կուրիոզների եւ արտակարգ իրավիճակների չեն անցել։

Ամերիկուհին կեղծիքի շնորհիվ հայտնվել էր Հունգարիայի հավաքականում

Ամերիկացի դահուկորդուհի Էլիզաբեթ Սուեյնին, որը հանդես էր գալիս Հունգարիայի հավաքականի կազմում, կարողացել է բոլորին «հիացնել» ոչ թե իր վարպետությամբ, այլ դրա բացակայությամբ։ Հալֆ փայփի մրցումներին, որտեղ հաղթում է նա, ով ավելի լավ է կատարում հնարքները, Սուեյնն անցել է ողջ ճանապարհը՝ չկատարելով դրանցից ոչ մեկը։ Պարզվել է՝ հնարքներ կատարել նա այնքան էլ չի կարողանում։

Ավելին, Օլիմպիադային նա խորամանկելով էր հայտնվել։ Որպեսզի ընդգրկվեն օլիմպիական հավաքականների կազմում, մարզիկները պետք է միջազգային մրցումներում մի քանի անգամ լավագույն երեսունյակի մեջ ընդգրկված լինեն։ Ահա Սուեյնը մասանկցել էր մի քանի այնպիսի մրցումների, որտեղ մասնակիցների թիվը չէր գերազանցում 30-ը։ Այսպիսի կասկածելի հաջողությունների շնորհիվ էլ նա ստացել էր Փհենհչհանի խաղերին մասնակցելու որակավորում, որտեղ ցույց է տվել վատագույն արդյունքը եւ «Խորամանկության օլիմպիական չեմպիոն» կոչումը ստացել։

 

Պատահական «մերկապար»

Ֆրանսիայի գեղասահորդուհի Գաբրիելա Պապադակիսը ելույթի ժամանակ անսպասելիորեն իսկական ֆրանսիական «մերկապար» է ցույց տվել։ Նրա ճոխ զգեստը ներքեւ է սահել՝ մի քանի պիրուետներից հետո ամբողջությամբ մերկացնելով կուրծքը։ Հետագայում զույգը խոստավանել է, որ դա շեղել է երկուսին էլ, սակայն, չի խանգարել օլիմպիական բրոնզե մեդալը շահելուն։

Հարավային Կորեայի 22–ամյա գեղասահորդուհու ելույթը Օլիմպիադայի ժամանակ դեբյուտային էր։ Նրա զույգն ամերիկյան ծագմամբ գեղասահորդ 24–ամյա Ալեքսանդր Գամելինն էր։

Ելույթի ժամանակ գեղասահորդուհին ստիպված էր շտկել ուսերից դուրս թռչող տոպը։ Չնայած տեխնիկական խնդիրներին, զույգը կարողացել է ավարտին հացնել ելույթը։  

 

ԱՄՆ քըրլինգի հավաքականի մարզիկներին պարգեւատրել են կանանց համար նախատեսված մեդալներով

Քըրլինգի տղամարդկանց մրցման ժամանակ պատմության մեջ առաջին անգամ առաջին տեղն են զբաղեցրել ԱՄՆ հավաքականի ներկայացուցիչները։ Պարգեւատրման արարողության ժամանակ տղամարդկանց պարգեւատրել են կանանց համար նախատեսված մեդալներով։ Մարզիկները միանգամից չեն հասկացել դա, նկատել են արարողության ավարտից հետո։

 

 «Ոչ մարզական» կուրիոզ

Օլիպիադային ժամանել էին նաեւ Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը։ Ավելի շուտ նրանց «երկվորյակները»։ Տղամարդիկ նմանվել էին քաղաքական գործիչներին եւ շրջում էին Օլիմպիադայի ավանով։ Հարյուրավոր մարդիկ են լուսանկարվել նրանց հետ։ Սակայն, զվարճանքը երկար չի տեւել։ Թիկնապահները նրանց արագ դուրս են հանել Օլիմպիական ավանից։

 

ԱՄՆ չմուշկասահորդների «խեղաթյուրված» համազգեստը

Օլիմպիական խաղերի ԱՄՆ չմուշկասահորդների հավաքականի «խեղաթյուրված» համազգեստը համացանցի օգտատերերի շրջանում բուռն քննարկման տեղիք է տվել։ Մասնավորապես, նրանք ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ դրանց դիզայնը տարօրինակ տեսք է հաղորդում, քանի որ ընդգծում է սեռական օրգանները։ Նրանք մատնանշել են, որ համազգեստի մնացյալ հատվածից տարբերվող գույնով շրջանակները ոչ միանշանակ տպավորություն են գործում։

Մի քանիսն էլ կարծիք են հայտնել, որ համազգեստը կոչված է դատավորներին շեղելու համար, քանի որ անհնար է հայացքը կտրել այդ հատվածից։ Ավելին մի քանի օգտատերեր էլ մատնացույց են արել, որ համազգեստը կարող է գրգռել հանդիսատես տղամարդկանց։