Հայկական KBX ընկերությունը ստեղծել է ավտոմատացված կրակային համակարգ, որն աշխատում է մինչեւ 2 կմ հեռավորությունների վրա:

Երեւանում ընթացող «ArmHitec-2018» սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալոյանը նշեց, որ սարքավորումը հեռակառավարվող է, ինչը նվազեցնում է ռիսկերն ու ավելի անվտանգ դարձնում:

«Սարքավորումը հնարավոր է կառավարել ոչ միայն ռադիոկապով, այլեւ մանրաթելային օպտիկական կապով: Հատուկ սարքերի եւ տեսախցիկների օգնությամբ հնարավոր է կառավարել սարքը, թիրախավորել եւ խոցել օբյեկտին: Այն, որ կնվազեցնի զինվորի վտանգի ռիսկերը, արդեն մեծ բան է»,- ասաց Վարդան Ալոյանը:

Նշենք, որ սարքավորումը ստացել է «Scorpion C» անվանումը, այն գետնի մեջ թաղվող սարքավորում է եւ նախատեսված է դիրքերում օգտագործելու համար: Այն արդեն անցել է որոշակի փորձարկումներ: Դեռեւս հայտնի չէ, թե երբ այն կսկսի կիրառվել: