Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը լրագրողներիհետ զրույցում սրտնեղել է, որ որդուն Ազգային հերոսի կոչում չեն շնորհում։ Արմենակ Ուրֆանյանի մղած պայքարի ու սխրանքների մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս հարցին եւ ասել, որ դա մեկ մարդու որոշելու հարց չէ։

«Արմենակ Ուրֆանյանի մայրը հայ մոր փայլուն օրինակ է, որը սպա է ծնել ու դաստիարակել։ Մայր, որը այդ սպայից եւ ցանկացած ոչ պակաս հասկանում է՝ ինչ է նշանակում հայրենիքի պաշտպանությունը։ Ես հանդիպել եմ իր հետ, մեծ հարգանք ու ակնածանք ունեմ իր նկատմամբ, այդ դժգոհությունը հայտնել է նաեւ մինչ իմ նշանակվելը։ Ես բացատրել եմ, որ այ գործընթացը մեկ անձի կամ փոփոխված նախարարի մակարդակի լուծելու խնդիր չէ։ Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է, եւ համադրելով բազմաթիվ հանգամանքներ հատուկ հանձնաժողովները միջնորդություն ե ներկայացնում նախարարին, նախարարն էլ նախագահին եւ որոշվում է»,–մեկնաբանել է Վիգեն Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ երախտագիտությունը հայտնելու այլ միջոցներ էլ կան եւ մանրամասնել նախարարության «Դուք մենակ չեք» ծրագրի մասին։

«Պետական պարգեւները եւ կոչումները կարեւոր միջոց են երախտագիտություն հայտնելու, բայց կարծում եմ, որ որպես հասարակություն, պետություն հասունացել ենք այնքան, որ չսահմանափակվենք դրանով։ Դրանից մեկը «Դուք մենակ չեք» ծրագիրն է, որով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կցվում է 1–ին կուրսի կուրսանտ ու տարին մի քանի անգամ այցելում է այդ ընտանիք։ Ընտանիքին տալիս հնարավորություն կապը շարունակել բանակի հետ, իսկ բանակին՝ ներկա լինել ընտանիքում, հասկանալ խնդիրները»,–ասել է Վիգեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները: