Մեր զինված ուժերի զինծառայողներն ու հաշմանդամները պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառանլով NEWS.am-ի հարցին, թե Ապրիլյան պատերազմից հետո քանի՞ անգամ են ՊՆ պաշտոնյաներն այցելել զոհերի ծնողներին, հետաքրքրվել նրանց խնդիրներով, կան այն երիտասարդներով, որոնք հաշմանդամ դարձան եւ սովորելու, աշխատելու կարիք ունեն:

«Չեմ կարող ասել, թե քանի հոգի են, բայց քանի որ մեր զինված ուժերի զինծառայողներն ու հաշմանդամները պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են, դա կարող եմ փաստել»,-ասաց Մովսես Հակոբյանը:

Դիտարկմանը, թե կան բազմաթիվ հաշմանդամ երիտասարդներ, որոնք ինքնուրույն են փորձում լուծել իրենց առջեւ ծառացած խնդիրները, նա կարճ պատասխանեց. «Դուք ազնիվ չեք»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրն ասել է, որ սպասում էր, որ որդուն ազգային հերոսի կոչում պետք է տան, ինչու նա ըստ արժանվույն չի գնահատվել, Մովսես Հակոբյանն ասաց. «Ցանկությունն ընդունելի է, բայց կարծում եմ կա կարգ ազգային հերոսի շնորհման համար: Ըստ այդ կարգի շնորհվում է ազգային հերոսի կոչումը»:

Հիշեցնենք, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները: