Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գոհ է, որ այսուհետ կառավարության նիստերը դռնփակ են լինելու: Այս մասին նա նշել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Լրագրողներից մեկը հարց ուղղեց. «Գո՞հ եք այդյոք, որ փակեցիք կառավարության նիստերը որ հիշվելու եք որպես մամուլի առջեւ դռներ փակած նախարար», ինչին Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այո գոհ եմ: Ընդհանրապես, երբ ես քայլ եմ կատարում, գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ փորձում եմ անել այնպես, որ կառավարությունում քննարկումները լինեն ավելի խորը եւ բովանդակալից»:
Նա նշեց, որ ավանդույթ է դառնալու, որ նախարարները կառավարության նիստից հետո իջնեն մամուլի կենտրոն եւ լրագրողներին ներկայացնեն կարեւորագույն հարցերի պատասխանները. «Այն էլ ավելի կարգավորված է դառնալու, համակարգված: Օրակարգը լինելու է բաց, լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալ օրակարգին, վեր հանելու այն հարցերը, որոնց վերաբերյալ կունենան հարցադրումներ, այդ առումով մենք ավելի պատասխանատու մոտեցում կստանձնենք, որպեսզի նվազագույնի հասցնենք վերջին պահին օրակարգի համալրումները»:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ կառավարության նիստից հետո որոշում կկայացվի, թե որ հարցերն են, որ հանրային հետաքրքրություն են ներկայացնում, որոնց վերաբերյալ նախարարներն արդեն պետք է պատասխանեն լրագրողների հարցերին:
Դիտարկմանը, թե կառավարությունն իր քմահաճույքով կարող է որոշել, թե որ հարցի վերաբերյալ կարելի է խոսել, որի վերաբերյալ՝ ոչ, նախարարն արձագանքեց, որ մամուլի կենտրոնում հնարավորություն տրվելու է լրագրողներին հարցեր ուղղել նախարարներին:
«Յուրաքանչյուր նիստում լինելու են հարցեր, որոնք ունեն հանրային հետաքրքրություն, կարեւոր նշանակություն եւ հենց այդ հարցերի վերաբերյալ էլ լինելու է ճեպազրույցը:
Վարչապետի թույլտվությամբ խոսելը վերաբերելու է միայն նիստի ընթացքին եւ նիստի քննարկումներին: Ինչո՞ւ, որովհետեւ կառավարության կարեւորագույն սկզբունքն էկոլեկտիվ պատասխանատվությունը: Դա հնարավորություն է ընձեռում բաց ու անկաշկանդ քննարկում ծավալել կառավարության նիստում: Որ կառավարության անդամը չմտածի, որ վաղն իրեն քննադատելու են, թե ինքն այսինչ նախարարին դեմ արտահայտվեց: Խոսքը միայն դրան է վերաբերում: Դա չի նշանակում, որ նախարարները կառավարության ընդունախ որոշումները չեն մեկնաբանվելու»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարության նիստերը լինելու են դռնփակ, չեն հեռարձակվելու:











